Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքները

Ապրիլ 12,2024 12:19

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, որը Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան փաստահավաք այցի արդյունքներով պատրաստված Համապարփակ փաթեթի համար, որը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ՀՀ իշխանություններին փորձագիտական աջակցություն նախատեսող ԵԽ համապարփակ փաթեթի օգտակարությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ փախստականների սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների պատշաճ հասցեագրումը ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բռնի տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ ԵԽ կոնվենցիոն համակարգի ներքո:

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքները, շարունակվող մարտահրավերները, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Ծանոթագրություն․ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների երաշխավորման Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը մշակվել է 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքների հասցեագրման նպատակով: 2.8 մլն եվրո բյուջեով ԵԽ Համապարփակ փաթեթը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրում: Դրա շրջանակում փորձագիտական աջակցություն է տրամադրվում ՀՀ իշխանություններին՝ բռնի տեղահանված ԼՂ բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար: Ծրագիրը մեկնարկել է 2024թ. տարեսկզբին, պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում 2024թ. ապրիլի 11-ին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930