Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա». Գաբրիել քահանա Վարդանյան

Ապրիլ 12,2024 12:50

Տ․ Գաբրիել քահանա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք» (Եսայի 6։9)

Եթե որոշ մարդկանց համար Սաղմոսաց գրքից բացի, Սուրբ Գրքի ճշմարտություններն անընկալելի են, ապա դասական անատոմիայից հստակ է, որ ականջն այն օրգանն է, որ պատասխանատու է լսելու գործառույթի, իսկ աչքը՝ տեսնելու համար։ «Ֆեյք նյուզեր»-ի պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ տարբերակում են՝ ինչն է «ֆեյք նյուզ», ինչը՝ ոչ։ Բայց այստեղ հարկ է կանգ առնել․ իրենք, անշուշտ, հասկանում են, որ մանիպուլյացիան մեծ ու արդեն վեց տարիներ իրենց հարազատ գործիք է, ինչո՞ւ չկիրառել և Մայր Աթոռի հայտարարությունը չնենգափոխել, չէ որ «գողն իր շքից է վախենում և բոլորին գող է անվանում», ինչպես ասում էին ՊԱՏՄԱԿԱՆ, բայց շատ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեր պապերն ու տատերը։

Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։ Այն, որ Արցախը, ձեր հանցավոր լռությամբ, այլևս հայաթափված է, կորսված, թե՞ այն, որ ձեր լեքսիկոնից տևական ժամանակ է բացակայում է Արցախ բառը։ Գուցե այն, որ դուք հրաժարվում եք պատմական Հայաստանից, մեր պատմությունից, ինչը նշանակում է նախևառաջ հիմնովին հրաժարում Արցախից, էլ չասեմ Արևմտյան Հայաստանից և հայկական պահանջատիրությունից։ Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա, որոնք չեն համաձայնում ձեր հայրենակործան քաղաքականության հետ։

Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք, Արցախը Հայաստան է և վերջ, հետո Արցախը Ադրբեջան է և վերջ՝ գերծայրահեղ վերջնաձևակերպմամբ։ «Ֆեյք նյուզ» է նաև, որ թուրքը Ջերմուկի գլխին է նստած, դե հա, հո մի քանի անպիտան հողի համար կամ տարվա կեսը ձյունածածկ սարի համար կռիվ չէինք անի՝ դժգույն ու դժբախտ Շուշին վկա։ Ո՞ւր է ձեր երեկվա 29,800 կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28,742 կմ։ Գերիներին էլ մոռացաք․․․ (դե թող մի քանի ամիս դիմանան էլի,-կասեր ձեզանից մեկը)։

Դա, իմ «ֆեյքը» չէ, հո ես չեմ ասում, այլ ձեր ոչ պակաս հայտնի կուսակիցներից մեկը։ Ուղղակի հարկ չկա ձեր կեղծ թեզերին մեկ մեկ անդրադառնալու, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ, ով կարող է վերլուծել և ունի հիշողություն, հստակ գիտակցում է դրանց «քաշը», բայց հարկ կա շեշտելու, որ ձեր զիջումները չի կարելի որակել որպես միակողմանի զիջում, այլ՝ միակողմանի ամլություն։

Այո, դուք միշտ խոսում եք լեգիտիմության մասին․ միշտ պետք է հանդես գալ լեգիտիմության հիմքերից, քանի որ քաղաքակիրթ աշխարհը դա է ընդունում։ Բայց քաղաքակիրթ աշխարհը երբեք չի ստիպում հրաժարվել սեփական դիրքերից հանդես գալուց։

Այժմ հատուկ Չախոյանի և Ալեքսանյանի համար․ որտեղի՞ց հորինեցիք Մայր Աթոռի հայտարարության վերաբերյալ ձեր արտահայտած մտքերը և ձեզ հատուկ ոճով այն որակեցիք։ Մայր Աթոռի հայտարարության մեջ կարո՞ղ եք ձեր նշած թուրքական գյուղերի կամ որևէ անվանական տարածքի, քարի, թփի մասին մի բան գտնել։ Հայտարարության մեջ հստակ ասվում է․ «Ադրբեջանի սպառնալիքներին տեղի տալով՝ պատրաստվում է Տավուշի մարզից տարածքներ հանձնել», մասնավորապես հավելելով՝ «նախքան ենթադրվող սահմանազատման ու սահմանագծման»։ Այստեղ է, որ աչքն ու ականջը ձեզ պետք է օգնեին․․․ Ցավոք սրտի, դուք վեց տարի է իշխանության եք, նաև, դժբախտաբար, հասցրեցիք պատմական Հայաստանի մեջ մնալ իբրև զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և եկեղեցատյաց իշխանություն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայաստանը։

Եզրակացություն․ դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին, կա՛մ, ինչպես Չախոյանը, թերևս, ճիշտ է նկատում, առաջնորդվում եք գավառական շուստրիությամբ։

Որպես վերջաբան, ուզում եմ հիշատակել ձեր տեսակին բնորոշ այս հոյակերտ ձևակերպումը․ «Ցանկացած գնով ելնում եք դուք վեր, փորձում եք թռչել դուք առանց թևեր, անվերջ սողալով առաջ եք գնում, գնում եք այսպես և տարեց տարի ելնում եք շալակն այս խեղճ աշխարհի»։

Տ․ Գաբրիել քահանա Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930