Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս ինքնազոհողության պատրաստ գործիչների կարիք կա Հայաստանում

Ապրիլ 25,2024 12:59

Աստվածաշունչ մատյանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրվան համահունչ սաղմոս չգտնելով՝ ՔՊԿ առաջնորդն իր ուղերձը հղեց հայ մարդու համար անսովոր շեշտադրումներով, ինչը կասկածների ու հոգեկան ցնցումների նոր ալիք առաջացրեց։

Հայ հանրությունը կարծես կասկածամտության ախտով է տառապում։ Տպավորություն է, որ բոլորը բոլորին կասկածում են ինչ որ մի դատապարտելի բանի մեջ։ Պետք է հասկանանք, որ կասկածամտությունը հիվանդություն է, որը կարող է աննկատ թափանցել մարդու հոգեկերտվածքի մեջ ու նույնքան աննկատ էլ տվյալ մարդու կյանքը դժոխքի վերածել։

Ուստի այն լիդերները, ովքեր տիրապետում են իրենց և կարողանում պաշտպանվել կասկածամտության ախտից և ինտելեկտուալ կարողություն ունեն իրենց հետևորդներին առանց հոգեկան տվայտանքներ պատճառելու առաջնորդելու, իրապես արժանի են մեծագույն հարգանքի ու վստահության։ Ունե՞նք արդյոք այդպիսի առաջնորդ։ Չունենք։ Բոլորը միայն կասկածներ են սերմանում ու կասկածամտության ախտով վարակվելու բարենպաստ պայմաններ ստեղծում։

Գենադի Մնացականյան

Արդյունքում ունենք մի հասարակություն, որը ներկաների ու նախկինների խառնուրդ է դարձել։ Նախկինները ներկաներին դավաճան են անվանում, ներկաները նախկիններին՝ թալանչի։ Մեծ ցանկություն է առաջանում գոռալու․ «Պարոնայք, դադարեք պախարակել մեկդ մյուսին, երկուստ էլ ճիշտ եք», բայց դա էլ կլիներ ընդամենը թաքնված կասկածամտությունից ծնված դատարկ խոսքեր, ուստի այդպես չեմ ասի։

Ներկաների կարկառուն դեմքերը թեև դեռ չեն կարողացել ապացուցել, որ իրենցից առաջ համակարգային թալան է եղել, բայց մի շարք էլիտար դատավարություններ ձգձգելով՝ հասկացնում են, որ դա միշտ կարող են անել։

Նախկինների հայտնի դեմքերն էլ ելնելով, թերևս, իրենց ինքնապահպանման բնազդից, կարծես, ներկաներին պիտակավորելուց բացի, այլ գործընթացներ նախաձեռնելու առանձնապես ցանկություն չունեն, ենթադրելի է, որ իրենք էլ են հասկանում, թե ինչի համար են դատավարությունները ձգձգվում։

Սովորական մահկանացուների մոտ ինքնազոհողության ոգին միշտ զիջում է ինքնապահպանման բնազդին և դա ներելի է նրանց, որովհետև նրանք առաջնորդ դառնալու նպատակ չեն դնում իրենց առջև։ Հայաստանյան ներքաղաքական դաշտում կան գործիչներ, ովքեր ձգտում են ազգի առաջնորդ լինել, բայց ակնհայտ է, որ նրանց ինքնապահպանման բնազդն ավելի հզոր է քան ինքնազոհողության ոգին, ուստի ավելի խելամիտ կլինի, եթե այդ անձինք դուրս գան քաղաքական ասպարեզից, որովհետև ներկայումս ինքնազոհողության պատրաստ գործիչների կարիք կա Հայաստանում։

Հիմա այնպիսի ժամանակներ են, որ եթե մեկը հավակնում է առաջնորդ լինել հայ ազգին, ապա պետք է հասկանա, որ դա խաչի ճանապարհ է, և իր հետևորդներն իրեն դեպի խաչն են ուղեկցում։ Պատրա՞ստ ես խաչը բարձրանալու, ուրեմն վերցրու ջահն ու առաջնորդիր ազգին, եթե պատրաստ չես, ուրեմն ուղեկցիր դեպի խաչը նրան, ով պատրաստ է խաչվելու հանուն Հայրենիքի փրկության։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել