Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի Ավան բնակավայրի բնակիչը կալանավորվել է համագյուղացու սպանության մեղադրանքով

Ապրիլ 15,2024 17:28

2024թ. ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու դի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս նույն բնակավայրի 63-ամյա բնակիչ է: Դեպքից ժամեր անց, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք։ Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 63-ամյա տղամարդը ձեռքով սեղմել է 60-ամյա տղամարդու պարանոցը և հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել պարանոցի օրգանները սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 63-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, և անձը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930