Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք հետագայում որոշվող հատվածներ են, հանրաքվեով պետք է որոշվի, դա 90%-ով կախված է լինելու Ադրբեջանից»․ Տավուշի գյուղապետերը մանրամասներ են պատմում Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից

Ապրիլ 23,2024 16:58

Ոսկեպարի եւ Կիրանցի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից հիասթափված են, նրանց ակնկալիքներն այլ էին։

Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպել են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի համայնքապետերը, հետո նրանք հանդիպել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսօր Կիրանցում, որտեղ շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ Տավուշի հողերն՝ Ադրբեջանին հանձնելուն, Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը երեկվա հանդիպումից որոշ մանրամասներ հայտնեց լրագրողներին։

«Կոնկրետ Ոսկեպարի պահով ականազերծման աշխատանքներն արդեն գնում էին, այսօր էլ երեւի ավարտին հասցնեն, էդ հատվածում սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու։ Մնացած տեղերում, որտեղ վիճելի տարածքներ են, մեզ ասացին, որ դա հետո է լուծում ստանալու։ Այսինքն, այն եռանկյունիները, որ մեզ մի շաբաթ առաջ ասել էին, դրանք մնում են, անկլավը՝ եւս։ Դրանք հետագայում որոշվող հատվածներ են, հանրաքվով պետք է որոշվի, մի բան, որ 90%-ով կախված է լինելու Ադրբեջանից, Ադրբեջանը կցանկանա՞ հանրաքվե անի, թե՞ ոչ։ Եթե ոչ, ուրեմն էդ տարածքները երեւի․․․ դուք էլ եք հասկանում եք, թե ինչ կլինի։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա անկլավ։ Վիճելի տարածքները լուծվելու են վերջում, Բերքաբերի եռանկյունին ու գետի աջ ափին գտնվող տարածքը, որը պատկանում է իրենց»,-ասաց Աղբալյանը։

Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, վիճելի՞ տարածքներ են, թե՞ անվիճելի, համայնքապետը չգիտի։

«Եռանկյունին գետի աջ ափին է, ձախին էլ Բերքաբերի տարածքն է։ Ես ի՞նչ իմանամ՝ անցնելու են գետը, թե՝ ոչ»,-ասաց Աղբալյանը։

Ճշտող հարցին՝ Բերքաբերի 800 hեկտա՞րը , Աղբալյանը պատասխանեց․ «Դա էի ասում՝ վիճելի տարածքները հետո են լուծելու»։

Նա ասաց, որ սա միակողմանի զիջման պատկեր է, ուստի համայնքապետերը որոշել են դուրս գալ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբից։

«Մենք գնացինք, տեսանք, որ այն ամենը, ինչ կատարվում է նախօրոք ասված էր, նոր բան չէր ավելանալու»,-ասաց Աղբալյանը։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը շատ բան չասաց, նա ժամեր տեւած հանդիպումն ընդամենը մեկ նախադասությամբ ներկայացրեց՝ կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց ծրագրած սահմանազատման՝ լիարժեք սահմանազատում է լինելու։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ հայտարարեց՝ սա ստի պատմություն է այն, ինչի հետ առնչվում ենք, դրա լավագույն արտահայտությունը վերջին մեկ ամիսն էր, թե ինչ խոստումներ էին տալիս, մոլորեցրեցին` հասցրեցին այս վիճակին․ «Ամբողջ պատասխանատվության բեռը փորձ է արվում դնել գյուղացիների, գյուղապետերի վրա։ Ինչո՞ւ երեք-չորս հոգով գնում են կառավարություն գյուղերի հարց որոշելու՝ գերգաղտնի մթնոլորտում։ Բա Մեղրիից սկսած մյուս տարածքներին դա չի՞ վերաբերում։ Սա միակողմանի զիջում է, որը նշանակում է, որ վիճելի եւ անվիճելի տարածքներ․․․ ստացվում է, որ մենք անվիճելի տարածքներ չունենք Ադրբեջանում։ Հետևաբար` Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու Սյունիքից, Ջերմուկից, Գեղարքունիքից։ Ըստ ասվածի տրամաբանության՝ արձանագրված է, որ դրանք այլեւս չկան։ Անվիճելի տարածքներն են, անվիճելի պատկանում են Ադրբեջանին»։

Հիշեցնենք, որ Տավուշում տեւական ժամանակ է բողոքի ցույցեր են, քաղաքացիները փակ են պահում միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում, բողոքի ցույցեր են պարբերաբար լինում նաեւ հանրապետության այլ տարածքներում։ Բողոքի ցույցերը սկսվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930