«Ընդդիմությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ այսօր իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Իրենց ներսում ճգնաժամ կա, իրենք խնդրում են՝ գնանք ընտրության։ Հրաժարական տվեք, բա ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Լեգիտիմության խնդիր ունեն, դրա համար էլ այսօր ԱԺ-ում այսպիսի բեմականացում արեցին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ում առյուծ կտրած ՔՊ-ական պատգամավորներից յուրաքանչյուրին դրսում առանձին բռնես, կդառնան կուռկուռ։
«Առանձին բռնես, ասես՝ տղա՛ ջան, արի՛ հլը, դու քեզ ո՞նց ես պահում։ Արի՛ քո արածի համար պատասխան տուր։ Եթե տղայական ես մտածում, եթե չես գոռալու՝ «վախ, մամա ջան», ոստիկանություն կանչես, դա ուրիշ հարց է»,- ասաց Մանուկյանը։
Նա նկատեց, որ եթե ՔՊ-ականները խոսում են բարեվարքությունից և էթիկայի հանձնաժողովից, ապա ԱԺ ղեկավարությունը պետք է շահագրգռված լիներ նման իրավիճակները կանխելու հարցում։
Կարդացեք նաև
«Այսօր ակնհայտ տեսնում ենք, որ Վահագն Ալեքսանյանն առաջին շիշ նետողներից էր, աթոռ նետողներից մեկը։ Դրա պատասխանը նույն ձևով մեր կողմից պետք է լինի»,- նշեց պատգամավորը։
Մանուկյանն այսօր իր գործընկերների նման հարցեր ունի՝ ինչո՞ւ խորհրդարանում պատգամավորների միջև միջադեպի սկզբում ընդմիջում չհայտարարվեց, և ինչո՞ւ անվտանգության աշխատակիցները չհրավիրվեցին։
«Այսինքն՝ պետական գույք էր ջարդվել, չէ՞՝ աթոռ, սեղան, հետո՞»,- հարցրեց նա։
Հարցին, թե տարբեր խոսակցությունների ֆոնին, որ ՔՊ-ում տարբեր թևեր կան, հնարավո՞ր է՝ ՔՊ-ական որոշ պատգամավորներ սադրում են հենց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ կասկածի տակ դնելով նրա հեղինակությունը, քանի որ նա պարբերաբար խոսում է բարեվարքությունից և ամեն ինչ զրոյից սկսելուց, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց.
«Այս իրավիճակից ամենաերջանիկը երևի Ալեն Սիմոնյանն է, որն ուզում է ասել՝ տեսե՛ք, ինձանից չէր։ Կամ մենակ ես չէի, որ չէի կարողանում կառավարել, Ռուբեն Ռուբինյանն ինձնից ավելի վատ էր»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































