ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում կոշտ փաստերով հակադարձեց այսօր մեկնարկած ԱԺ նիստում Արցախի Հանրապետության եւ Արցախի ղեկավարության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած արտահայտություններին:
«Նախ, Ալեն Սիմոնյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Դա ակնհայտ է: Երկրորդ, դա ցույց է տալիս, թե իրենք ինչքան թույլ վիճակում են: Ալեն Սիմոնյանն այն մարդը չէ, որ պետք է գրոհեր. կատարյալ կոռուպցիոներ՝ գործարքների մեջ, որովհետեւ մենք անընդհատ հենց իրենից ենք լսում, որ շինարարության ամենախոշոր կոնտրակտները անում են իրենց մարդիկ եւ հատկապես՝ նրա եղբայրը: Բոլոր դեպքերում այս պարագան, երբ հանրապետության երկրորդ մարդու եղբայրը կատարում է շինարարական աշխատանքների զգալի մասը կամ մեծ մասը, դա կոռուպցիոն գործարք է: Այսինքն, ինչի՞ եղբայրը մինչեւ նրա իշխանության գալը շինարարություն չէր անում:
Ալեն Սիմոնյանը արել է դավաճանական հայտարարություններ ի հեճուկս Հայաստանի: Մասնավորապես, եւ Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները պետք է հասկանան. նույնիսկ երբ այսօր Արցախը չկա, երբ որ իրենք վերացրին հայկական երկրորդ պետությունը, ապա Արցախի մասին հուշը, Արցախի կարգավիճակը վերականգնելու միջազգային հրամայականը, Մինսկի խմբի առկայությունը այն փոքրիկ կռվաններն են, որ թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա: Եթե դա էլ հանեն, Հայաստանի Հանրապետությունից ոչինչ չի մնա:
Վերջապես, ես պիտի Ալեն Սիմոնյանին հիշեցնեմ. երբ որ 1915 թվականին թուրքերը գրավում էին Խարբերդը, Սեբաստիայում հայերին ասում էին՝ հանգիստ մնացեք, դա ձեզ չի վերաբերվում: Երբ որ Սեբաստիան էին տեղահան անում, Ուրֆայի հայությանն էին ասում՝ դա ձեզ չի վերաբերում: Ի վերջո, մի փոքր հայություն փրկվեց Ուրֆա, Շապինգարահիսար, Վան եւ Մուսալեռ հատվածներում: Եվ փրկվեցին բացառապես այնտեղ, որտեղ կռվեցին: Չես հասկանո՞ւմ դու… Քեզ կարգին պահիր որպես պետության ղեկավար: Հասկանում ե՞ք դուք, երեխաներ կան, բան կան: Ձեզ ի՞նչ կա. կթողնեք՝ կփախնեք: Ալեն Սիմոնյան, միեւնույն է, դու էլ ես փախչելու: Բայց մեկ է, կոնկրետ քեզ, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին բռնելու ենք, բերենք: Ու ոչ միայն ՔՊ-ից, այլ նաեւ մյուս կուսակցություններից, որ այսօր այսպես թույն են թափում: Թույն թափո՞ղ ես, թուրքերի գլխին թափիր, որ այսօր Սյունիքն են ուզում, գնա Սյունիքը պաշտպանիր, որ միջանցք եք տալիս: Ո՞ւմ դեմ ես հոխորտում:
Կարդացեք նաև
Կամ, ամոթ չեք անո՞ւմ: Ռուբեն Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի ներկայացնելուց հետո է նշանակվել պետական նախարար: Ամոթ չեք անո՞ւմ, որ ասում եք. ով է իրեն բերել: Բերանդ մի ծռիր ու տենց բաներ մի ասա: Փաշինյանն էր ասում չէ՞: Գնա, օգնիր՝ այդ մարդը փրկվի: Այդ ութ մարդիկ, մյուսները, եւս շուրջ 40 կամ 40-ից ավելի գերիները:
Ալեն Սիմոնյան, հիշեցնեմ, թե ինչ է ձեր իշխանությունը: Առնվազն ութ հազար օր է իշխանության եք՝ ամեն օր կորցրել եք 2 քկմ, ամեն օր մի հայ է սպանվել ձեր իշխանության պատճառով, 8000 մարդ զոհ ունենք, 6000-ը պատերազմական գործողությունների արդյունքում, ու եւս հազարից մի քանի հարյուր ավելի՝ սահմաններին: Ամեն օր մի հոգի մահացել է եւ մահանալու է: Բա դուք խոսելու տեղ ունե՞ք:
Ալեն Սիմոնյան, ուրիշներին մեղադրում էիք թալանի մեջ: Ութ տարի է, քանի՞ կոպեկ եք բյուջե բերել: Հիմա ձեր թալանածն ասե՞մ: $10 մլն՝ ձեր ասածն եմ ասում, տվել էիք «Էյր Արաբիա» ստեղծելու՝ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերով: Չգնա՞ց պառլամենտ, հայտարարեց, թե 10 միլիոնը չկա, հիմա ի՞նչ պետք է անենք:
Եվս 1 միլիարդ 700 միլիոն դրամ՝ $ 4 մլն., տրվեց «ԱՆԻՖ»-ը լուծարելու համար: Այսինքն, «ԱՆԻՖ»-ի ղեկավարությունը, ի դեմս Դավիթ Փափազյանի, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի, ի դեմս նրանց հովանավոր Արմեն Սարգսյանի, հազար ու մի ծախս էին արել «ԱՆԻՖ»-ի հաշվին: Եվ 1 միլիարդ 700 միլիոն բյուջեից հատկացրել ես, որ փակես: Ոչ $ 10 միլիոնը, ոչ 1 միլիարդ 700 միլիոնը բյուջեում չկային նախատեսված: Վերցնում եք բյուջեի ծախսերը կամայականորեն վերաբաշխում եք: Սա է թալանը, ոչ թե ձեր խոսքերը:
Հլը ձեր պահած բանակը նայեք: Ձեր պահած բանակն էր լա՞վ, թե՞ նախկինների: Նախկինների պահած բանակը դիմադրում էր, հաղթել է 1991-1994 թվերին, չի պարտվել 2016-ին: Ձեր բանակը պարտվում է ու հիմա էլ կպարտվի, եթե դուք այսպես շարունակեք: Դուք ո՞նց եք վեր կենում ու տենց բաներ ասում ժողովրդին:
Էս Ժողովուրդը չի հասկանում, որ եթե մի քիչ ինքնակազմակերպվում է, շնորհիվ այնպիսի մարդկանց, ինչպիսիք եղել են նախկինում, հաղթում է Ադրբեջանին եւ անխոցելի է դառնում նույնիսկ Թուրքիայի համար:
Մենք ենք մեղավոր: Ի՞նչ գործ ունի այդ մարդը նման պետական բարձր պաշտոն զբաղեցնելու: Մենք ենք մեղավոր, ժողովուրդն էլ է մեղավոր, որի մի զգալի մասն իրեն ժեխի տեղ է դնում»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Պետական գործիչը թվարկեց նաեւ այլ թերություններ, իշխանավորների եւ նրանց փոխկապակցված անձանց անթույլատրելի պահվածքի օրինակներ եւ սկանդալային պատմություններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































