«Համոզվելու առիթ դեռեւս չենք ունեցել, բայց որքանով ես տեղյակ եմ՝ մասնագիտությամբ իրավաբան եք եւ վստահ եմ, որ այդ իմաստով ծանոթ եք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի սահմանադրություն: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական մարմինները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով:
Ձեր այլընտրանքային զեկույցը մշակվել եւ հրապարակվել է բացառապես անգլերենով: Ես ուզում եմ իմանալ, թե ինչու եք խախտում ՀՀ Սահմանադրությունը եւ Լեզվի մասին օրենքը եւ ինչու եք զրկում մասնավորապես երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին՝ իրենց մայրենի լեզվով ծանոթանալու իրենց իրավունքների պաշտպանությանը վերաբերող ձեր զեկույցին»,- Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից՝ խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքրվեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:
«2021թ հուլիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին գերիների դիմաց փոխանակման նպատակով: Նույն գաղափարը նա կրկնել է 2021թ դեկտեմբերի 8-ին: ԱԺ-ում քննարկումների ժամանակ ասել է. «Այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց»: Ծնողի կողմից իր զավակներին քաղաքական նպատակներով օգտագործելու եւ նաեւ նրանց կյանքի վտանգին ուղղված գործողություններն արդյոք ձեր կողմից դատապարտվե՞լ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է գործադիր իշխանության ղեկավարին, որի գործողությունները կարող են նաեւ քարոզչական իմաստ ունենալ: Ասենք, օրինակ, համայնքի ընտրությունների ժամանակ ավագանու անդամի թեկնածուներից մեկն ասի, որ պատրաստ է իր որդուն զոհել հանուն համայնքի: Արդյոք դատապարտել եք կամ պատրաստ եք դատապարտել այս երեւույթը:
2022թ. ապրիլի 26-ին երեկոյան ժամը 18:05-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների շարասյունը սպանել է հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին: Այդ դեպքի հետ կապված դեռեւս չի եղել որեւէ իրավական գնահատական, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Դուք ձեր զեկույցում արդյոք անդրադարձե՞լ եք այդ դեպքին »,-հարցրեց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նա Սահմանադրական դատարանի որոշման մասին էլ հարց ուղղեց Անահիտ Մանասյանին. «Այնտեղ խոսվում է ծնողի կողմից զավակին խժռելու մասին: Ձեր աշխատանքային պրակտիկայում արդյոք հանդիպե՞լ եք դեպքի, երբ մեր իրականության մեջ որեւէ ծնող խժռի իր զավակին»:
Անահիտ Մանասյանը նշեց, որ բոլոր հարցերին հերթով կանդրադառնա:
«Իմ լավ կամ վատ իրավաբան լինելու հարցը չեք կարողացել բացահայտել հավանաբար այն պատճառով, որ ինքներդ ոչ միայն իրավաբան չեք, այլ ներկայացված եք եղել որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ ունենալով մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ շատ թյուր պատկերացումներ…Դուք այն մարդն եք, որ ինձ անձնապես թիրախավորել է որպես կին, օրինակ, իմ արտաքին հատկանիշների եւ այլ հանգամանքների արդյունքում… Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլեւ Հայաստանի իրավագիտության ոլորտը, մասնավորապես՝ սահմանադրական իրավունքի ոլորտը միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ Հայաստանի Հանրապետությունում չի կարող համեմատվել որեւէ երիտասարդ գիտնական»,-ի թիվս այլնի՝ ասաց նա:
Զեկույցի լեզվի հետ կապված էլ Մանասյանը նշեց. «Մեր զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ին, եւ բնականաբար ՄԻՊ հաստատությունը չի տիրապետում այնքան ռեսուրսների, որ կարողանա տարվա կտրվածքով այդ աստիճանի մեծ ծավալի զեկույցները ներկայացնել եւ անմիջապես դրանք բոլորն ունենալ բոլոր լեզուներով թարգմանությամբ: Բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե ՄԱԿ-ի մեր գործընկերները մեզ կարողանան աջակցել զեկույցը այդ թվում՝ հայերեն թարգմանելու հարցում, իսկ ՄԱԿ-ի համար պարտադիր է անգլերեն ներկայացումը»:
Մյուս հարցերին էլ Անահիտ Մանասյանն անդրադարձավ. «Վարչապետի որդին, եթե չեմ սխալվում, այդ ժամանակահատվածում այլեւս անչափահաս չի եղել, երեխա չի համարվել, հետեւաբար այսօրվա քննարկման համատեքստում, մասնավորապես երեխայի իրավունքներին վերաբերելիք քննարկումների համատեքստում այս հարցն ընդհանրապես վերաբերելի չէ:
Ինչ վերաբերվում է ՍԴ որոշմանը, «ծնող» եւ «զավակ» ձեւակերպումների օգտագործման համատեքստը եւս ընդհանրապես վերաբերելի չէ երեխայի իրավունքների վերաբերյալ հարցադրմանը, հետեւաբար այս հարցին եւս չեմ կարող անդրադառնալ՝ նկատի ունենալով այսօրվա թեման»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































