«Չգիտեմ»,- սա Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետազոտությունների եւ ջատագովության պատասխանատու Ալեն Շադունցի պատասխանն է հարցին՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով կարող են հայերը վերադառնալ Արցախ, ի՞նչ իրավական հետեւանքներ կունենա այս զեկույցը։ Բանախոսի կարծիքով, այս հարցերի պատասխան-տարբերակները արցախահայերի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն։
Հիշեցնենք, այսօր ներկայացվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցը ։
Ալեն Շադունցը հայտարարեց՝ երբ աշխատանքը սկսել են, հույս են ունեցել, որ այս զեկույցը կունենա իրավական հետեւանք, բայց կընդունե՞ն ԱՄՆ-ը, եվրոպական երկրներն ու մյուս դերակատարներն իրենց ձախողումը՝ բարդ է ասել։ Կամ կունենա՞ զեկույցն արդյունք՝ ի՞նչ տեսքով եւ ե՞րբ, նույնպես բարդ է կանխատեսել, մանավանդ, որ ըստ բանախոսի, զարգացումները ցույց են տալիս, որ հատկապես արեւմտյան արտաքին քաղաքականությունը կարող է բավականին անկանխատեսելի դառնալ։ Ամեն դեպքում, զեկույցի հեղինակները փորձում են քաղաքական երաշխավորություններ անել, հայերի՝ Արցախ վերադարձի իրավունքն էլ գլխավոր երաշխավորությունն է։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանն էլ հավելեց՝ այդ հարցն իրենց անցկացրած հարցազրույցներում եղել է եւ հիմնական պատասխանը մեկն է եղել՝ կվերադառնանք, եթե Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































