Իշխանությունն արդեն ինքն է խոստովանում թուրքական կողմի հետ գաղտնի շփումների մասին։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մեկ ամիս անց հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկություններն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որը գաղտնի է պահվել։ Ռուբինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ Մանրամասներ չհաղորդելով՝ միայն նշել է, թե «գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն՝ գործարկելու Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը», եւ «հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում»:
«Հրապարակ»-ը դեռ նոյեմբերի 14-ին էր գրել, որ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում եղել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ։ Մի քանի ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը։
Այս տեղեկությունը հենց այս փուլում հաստատելու հանգամանքը, միջազգայնագետ, անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով, մեկ բանի մասին է վկայում․ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ չունենալով որեւէ առաջընթաց՝ իշխանությունները պարզապես փորձում են ցույց տալ, թե, այնուամենայնիվ, դրական գործընթաց կա, իրենք երկաթգծի շահագործման շուրջ բանակցությունների մեջ են Թուրքիայի հետ, բայց, ինչպես «Հրապարակ»-ին ասում է Արմեն Մանվելյանը, Թուրքիան իր առաջնահերթությունը չի փոխել եւ Հայաստանի հետ հարաբերություններում որեւէ տեղաշարժ պայմանավորում է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման նախապայմանով։
«Թուրքիան կարող է գնալ Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը, եթե հայկական կողմն Ադրբեջանի հետ կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրի։ Դրանից հետո արդեն կլինի տնտեսական ներխուժում՝ Հայաստանը վերջնականապես իրենց ձեռքը վերցնելու համար։ Այդ փաստաթուղթը, որը կոչում են խաղաղության պայմանագիր, որոշակի արտոնություններ է սահմանում Ադրբեջանի համար։ Ադրբեջանը ոչ միայն քաղաքական պահանջներ է դնում, այլեւ տնտեսական-դեմոգրաֆիական նախապայմաններ է առաջ քաշում, օրինակ, այսպես կոչված, ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Դա իրավական հնարավորություն կտա նրանց՝ մտնել Հայաստան եւ պայմաններ թելադրել, օրինակ, ասել, թե մենք մեր փողով այդ մարդկանց համար տներ ու ճանապարհներ կկառուցենք, Գյումրի-Կարսը կբացենք։ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության, իսկ իրականում՝ կապիտուլյացիայի պայմանագիրը Հայաստանն ինչ խորությամբ կքննարկի»,- կարծիք է հայտնում Մանվելյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի առաջադրած նոր նախապայմանն այն մասին, որ ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ, վկայում է, որ Փաշինյանի իշխանությանը Բաքուն անգամ որպես ինքնիշխան իշխանություն չի դիտարկում։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































