ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում նշեց, որ 2012 թվականից կառավարության որոշմամբ մարտի 2-ը Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր:
«2022 թվականին սրանք թատերական մի ներկայացում էին կազմակերպել Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում: Մեծ շուքով նշում էին Դիվանագետի օրը: Այնպիսի տպավորություն էր, որ պետական կառավարման համակարգում գնահատվում է դիվանագիտությունը: Գլխաքանակը լրացնելու համար ՔՊ-ից ինչքան պատգամավոր կար, տարել էին դահլիճ:
Դրանից անցել է ընդամենը երեք տարի: Նույն մարտի 2-ին դիվանագետներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելու համար մեկ ուղերձ չի եղել, երբ սա կառավարության որոշմամբ մասնագիտական տոնի օր է: Միայն Արարատ Միրզոյանի ուղերձն է: Այսինքն, փոխանակ Արարատ Միրզոյանին ուրիշները շնորհավորեին, ինքն է շնորհավորում:
Հանրապետության նախագահը, չնայած իր «զբաղվածությանը», գնացել է Ուրուգվայ՝ մասնակցելու Ուրուգվայի նախագահի երդման արարողությանը: Ես դա շատ եմ կարեւորում նրա համար, որ միայն քելեխի, թաղման չի գնում, երդման արարողությունների էլ է գնում: Ինքը գնացել է միջազգային այցի եւ ուղերձ չի հղում: Պարզ է չէ՞, որ նախագահի ուղերձը իր հսկայական աշխատակազմի պայմաններում թողնված չէ նախագահի «փառահեղ ինտելեկտին», որ նստի, տեքստ գրի, որ մտածես՝ չի կարող գրել, տեքստը ձեւակերպել:
Կարդացեք նաև
Աշխատակազմ գոյություն ունի, որը պետք է գրի ընդամենը մի քանի նախադասություն: Իրեն մնում էր ընդամենը ստորագրել: Նախագահը նույնիսկ դա է ալարել անել, կամ խելքը չի հասել, կամ դիտմամբ չի արել: Ասել է՝ էլ ի՞նչ դիվանագետ, պրծավ դիվանագիտությունը, վերացել է այս երկիրը:
Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը իրականացնում է պետության արտաքին քաղաքականությունը: Նույնը վերաբերում է Ազգային Ժողովի նախագահին: Այսինքն, ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ, բացի ԱԳ նախարարից, դիվանագետների օրվա շնորհավորանք չի հղել:
Բայց դրանից առաջ դիվանագիտական գործունեությանը մասնագիտական մի շատ կարեւոր արձագանք էր արել Աննա Հակոբյանը, որը հետո այդ հաղորդագրությունը շատ արագ հեռացրել էր իր ֆեյսբուքյան էջից: Նա դիվանագետներին ասել էր, որ դրանք ոտքից գլուխ կոմպլեքս են, փորձանք, մարդիկ, որոնք անարգում են այն դեսպանընկալ երկրները, որտեղ իրենք իրականացնում են իրենց առաքելությունը: Պատկերացնում ե՞ք. Ասում է՝ ինքը ինչքան դեսպանի հանդիպել է, իրենք իրենց դեսպանընկալ երկրի ժողովրդի մասին խոսելիս ասում են «սրանք»: Փաստորեն ստացվում է, որ Աննա Հակոբյանը արձանագրել է, որ Հայաստանի դեսպանները անարգում են եւ անհարգալից վերաբերմունք ունեն այն ժողովուրդների եւ այն պետությունների նկատմամբ, որտեղ իրենք իրականացնում են դիվանագիտական առաքելություն: Սա սկանդալ է, միջազգային սկանդալ եւ նշանակում է, որ ցանկացած երկրի ԱԳՆ կարող է կանչել իր երկրում հավատարմագրված մեր դեսպանին, որտեղ Աննա Հակոբյանը եղել է ու պահանջի բացատրություն, թե ինչու ձեր վարչապետի զուգընկերը, որ իր հետ այցելել էր մեր երկիր, հանդիպել է ձեզ հետ եւ դուք ասել եք, որ սրանք սենց են անում, սրանք էս են ուտում, սրանք էս չեն սիրում, սրանք սենց են:
Հիշատակի օրերի առումով Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ փետրվարի 28-ի մասին: «Փետրվարի 28-ը Սումգայիթում մեր հայրենակիցների ցեղասպանության՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի խորհրդանշական տարելիցի օրն է: Ոչ մի պաշտոնյա որեւէ ձեւով այդ օրվա կապակցությամբ վերաբերմունք չի արտահայտել: Բացի նրանից, որ չեն այցելել Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ տեղադրված է Սումգայիթի, Բաքվի ջարդերի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք չեն մատուցել, անգամ ծաղիկ, ծաղկեպսակ չեն ուղարկել իրենց անունից…
Այսինքն, այս մարդիկ փորձում են մոռացության տալ այն ողբերգությունները, որ կատարվել են մեր ժողովրդի հետ տարբեր ժամանակահատվածներում»,-ասաց դիվանագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































