Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկան մարմինների լռությունը ոչ օրինաչափ է, դե քաղաքացիներին թալանում են, ոչինչ, թող գնան դատարաններ. ցուցարարները ԿԲ-ից գնում են ՄԻՊ գրասենյակ

Մայիս 05,2025 14:52 Share

-Իրենց «պագոնները» հանկարծ կընկնեին, եթե իջնեին էստեղ մեր հարցերին պատասխանեին,- լրագրողների հետ զրույցում այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) դիմաց բողոքի ցույցի ժամանակ դժգոհեց ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիների շահերի պաշտպանությամբ զբաղվող Մհեր Կարագյոզյանը:

Ապրիլի 30-ին տուժած քաղաքացիները կրկին Կենտրոնական բանկի դիմաց ցույցի էին դուրս եկել, այդ օրը նույնպես ոչ մեկը Կենտրոնական բանկից նրանց չլսեց, հուսադրող ոչինչ չասաց: 

-Մեր տված հարկերի շնորհիվ են ապրում, աշխատում, մեկը բա չլինի՞ դուրս գա՝ ասի՝ ինչ է լինելու մեզ հետ,- դժգոհեց տուժած մի կին, որից զեղծարարները հափշտակել էին 9 միլիոն դրամի խնայողությունը, հետո նրա անունով վարկ ձեւակերպել՝գցելով պարտքերի տակ:

-Պատկան մարմինների լռությունը ոչ օրինաչափ է, դե քաղաքացիներին թալանում են, ոչինչ, թող գնան դատարաններ: Բա չիջնեի՞ն, ասեին՝ ինչ են արել այն բանկի հետ, որտեղ ամենից շատն են տեղի ունեցել զեղծարարությունները, գրավոր պատասխան էլ չեմ ստացել,- շարունակեց Մհեր Կարագյոզյանը:

Ըստ նրա՝ մի քանի տուժած քաղաքացի ԿԲ-ից գրավոր պատասխան են ստացել, բոլորի ստացած պատասխանները նույնն են ՝ copy, paste է: Ըստ Կարագյոզյանի՝ ոչինչ չասող պատասխաններ. «Այս լռությունը սովորական անտարբերություն չէ, հերթական անգործությունն է… ՀՀ-ում տեղի է ունեցել թալան, զանգվածային հանցագործություններ»:

Ցուցարարները նախ փակեցին ԿԲ շենքի մուտքը, ոստիկանները հորդորեցին բացել, չխոչընդոտել աշխատակիցների ազատ տեղաշարժի իրավունքը:

Ցուցարարները սկզբում մի քիչ ընդդիմացան, ապա որոշեցին բացել ու երթով գնալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հասկանալու՝ պաշտպանն ինչու է լռում:

-Հարցերը եթե չլուծեն, գնալու ենք բանկերը փակենք, ՀՀ քաղաքացին չի թա-լան-վե-լու, մտքներիցդ հանեք,- հավելեց Մհեր Կարագյոզյանը:

ԿԲ-ից այսօր էլ ցուցարարներին լսելու կամ նրանց հարցերին պատասխանելու համար ոչ մի ներկայացուցիչ դուրս չեկավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031