Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ժամանողների նոր ալիքով պայմանավորված՝ գները սկսել են արագացման տենդենցներ ցույց տալ»․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Սեպտեմբեր 15,2026 15:30 Share

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսով՝ սահմանելով 6,75 տոկոս։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ այս տարվա երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձեւավորվել թիրախից բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 4,4 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4,8 տոկոս։

«Տարածաշրջանային հակամարտությունների տեւականության եւ դրանց շրջանակի որոշակի ընդլայնման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման եւ միաժամանակ գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։ Այս համատեքստում առավել առարկայական են դարձել առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքի հետագա բարձրացման եւ բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը»,-ասաց նա։

Գալստյանի խոսքով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճն արագացել է՝ ձեւավորվելով երկարաժամկետ կայուն մակարդակից բարձր։ Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի զարգացումները՝ մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին։

«Վերջինս արտահայտվում է նաեւ վերջնական սպառման ապրանքների ներմուծման եւ մանրածախ առեւտրի աճի բարձր ցուցանիշներում։ Ավելին՝ նկատվում են նաեւ արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների զգալի աճով, ինչը ձեւավորում է նաեւ էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի եւ ծառայությունների գների արագացման ուղղությամբ։ Մյուս կողմից, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին շուկայում ավելցուկային առաջարկի ձեւավորման, ինչպես նաեւ սպառողական եւ ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են»,- հավելեց նա։

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են առաջիկա մեկ տարվա հորիզոնում ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի ընթացիկ մակարդակի պահպանում՝ միջնաժամկետում նվազեցնելով մինչեւ 6,25 տոկոս

Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների առկայության, արտաքին պահանջարկի հետագա ընդլայնման եւ գնաճային սպասումների ավելացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից, խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումների հետեւանքով գնանկումային ռիսկերի ձեւավորման եւ ՀՀ տնտեսության ռիսկի ավելաճի հիմնարար նվազման հետ, որը ենթադրում է քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույք։

«Արդյունքում՝ կարեւորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով»,- ասաց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ այսօր ԿԲ խորհրդում բավական բարդ հանդիպում է տեղի ունեցել, երկար քննարկում է անցկացվել՝ խորհրդի անդամներից 4-ը կարծիք են հայտնել, որ տոկոսադրույքը պետք է մնա անփոփոխ, իսկ 4 անդամ կարծել են, որ տոկոսադրույքը պետք է բարձրացվի։

Հարցին, թե որո՞նք են այն հիմնական ռիսկերը, որոնց արդյունքում ԿԲ-ն այնուամենայնիվ որոշեց տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսով, Մարտին Գալստյանն ասաց․ «Դա հիմնականում պայմանավորված էր պահանջարկի գործոնների ավելցուկային արտահայտմամբ։ Այժմ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ թե ներքին պահանջարկը, թե արտաքին պահանջարկը, որը պայմանավորված է Հայաստան ժամանողների նոր ալիքով, հանգեցրել են մի իրավիճակի, որ այնպիսի գներ, որոնք չպիտի էական շարժվեին՝ ծառայությունների ոլորտ եւ այլն, այդ գները սկսել են նորից արագացման տենդենցներ ցույց տալ»։

Ի՞նչ պիտի տեղի ունենա, որպեսզի Կենտրոնական բանկը վերադառնա տոկոսադրույքի նվազման քաղաքականությանը, այս հարցին էլ Գալստյանը նման պատասխան տվեց․ «Պիտի տեղի ունենա մի իրավիճակ, որտեղ մեր տնտեսական աճը պիտի էապես նվազի։ Այդպիսի սցենարներ կան, կարող է լինել իրավիճակ, որ ՀՀ-ում երկար տարիների աճից հետո տնտեսությունում տեղի ունենան որոշակի պրոբլեմներ։ Եթե այդ պրոբլեմները տեղի ունենան, մենք անպայման կարձագանքենք արդեն հակառակ ուղղությամբ։ Դա կնշանակի, որ Բ տիպի սցենարները դառնալու են դոմինանտ»,- ասաց ԿԲ նախագահը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930