-Կուսակրոնության հարցը հոգեւոր հարց է եւ դա անձնականի հետ մի կապեք,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նրա խոսքով՝ հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից եւ պայմաններից մեկի մասով ու կարծում է ՝ հրապարակային պատասխան պետք է հնչի:
«Եթե հրապարակային հարց հնչի, օրինակ` ես ներգրավվա՞ծ եմ կոռուպցիոն սխեմաների մեջ, թե՞՝ ոչ, ես հրապարակային պատասխան կտամ՝ ոչ: Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե հարցը վերաբերում է վարդապետների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների մասով, կուսակրոնությունը անձնական կյանք չէ: Եկեղեցու գլխավոր պայմաններից է, դրանով են քահանաները տարանջատվում վարդապետներից, եկեղեցու պայմանն է այդպիսին: Հարցը հնչել է այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան» ,- ասաց նախարարը:
Լրագրողներից մեկը նկատեց, որ Սահմանադրությամբ եկեղեցին ու պետությունը անկախ ինստիտուտներ են, պետությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել այդ հարցը, ենթադրենք կաթողիկոսը կամ սրբազաններից ոմանք երեխաներ ունեն. «Թեմային տեղյակ եմ այնքանով, որքանով հրապարակային քննարկումներն են լինում, այդ հարցերին պատասխանում եմ որպես հայ քրիստոնյա մարդ, որը հավատում է Աստծուն: Եթե որոշակի պաշտոններից բարձր եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է, դա չի առնչվում միայն եկեղեցուն, այլեւ առնչվում է այն հավատավոր մարդկանց, որոնք Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են»:
Կարդացեք նաև
Նախարարին հարց ուղղվեց նաեւ, թե ինչ է կարծում՝ կաթողիկոսի ենթադրական զավա՞կն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե՞ ՔՊ-ն իր իշխանությամբ: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար»:
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ի իշխանության օրոք եղավ պատերազմ, հանձնեցինք Արցախը, այլ զիջումներ… նախարարն այսպես արձագանքեց. «Եթե հիմնավորեք, որ ձեր թվարկած գործընթացները չէին լինի, եթե ՔՊ-ն չլիներ իշխանություն, այլ հարց է: Վարչապետն այդտեղ էլ մեկնաբանություն է արել, որ ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն: Դուք կբացառեի՞ք, որ այլ իշխանության պարագայում պատերազմը իր աղետալի հետեւանքներով լինելու էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պատիվ է արժանանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը. 2019-ի դեկտեմբերի 29-ին իր էջում գրել էր Դավիթ Խուդաթյանը: