ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի (լուսանկարում) կալանավորումը հնարավո՞ր է կապ ունի «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, արդեն կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեության հետ՝ հարցին, դատարանի բակում, Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանն ասաց՝ չի կարող պատասխանել․ «Հարցի հասցեատերը ես չեմ»։
Արմեն Անդրիկյանն ասաց՝ իր պաշտպանյալի կարծիքն այս պահի դրությամբ չունի՝ կատարվողը քաղաքակա՞ն հետապանդում է, թե՞ ոչ։ Ինքը իրավական հատվածի պատասխանատուն է եւ պնդում է՝ իրավական առումով այս գործը աբսուրդ է․ «Վարդան Հարությունյանի ձերբակալումն էլ է ապօրինի, կալանքն էլ»։
Փաստաբանը մանրամասնեց՝ դատարանում Վարդան Հարությունյանը նույն հանգամանքներն է ներկայացրել՝ «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության հետ որեւէ կապ չի ունեցել, պարզապես այն ստեղծվել է իր՝ ՊԵԿ նախագահ լինելու ժամանակ։
Այս գործով դատավորը Վարդգես Ստեփանյանն է։ Գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ դատավորը նկատել է, որ գործում կան վաղեմության ժամկետները սպառած դրվագներ, կան նաեւ դրվագներ, որոնք ժամանակին քննվել են եւ որոշում է կայացվել, ու այդ դրվագներով դատարանն այժմ ոչինչ անել չի կարող։ Փաստաբանը ձեռնպահ մնաց ավել մեկնաբանություններ անելուց, քանի որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, հիմնավորումներին տեղյակ չէ։
Կարդացեք նաև
Վարդան Հարությունյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության գործով հարուցված վարույթի շրջանակներում, որը փակվել էր տարիներ առաջ։ Այս ընկերությունը ստեղծվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ եղած շրջանում՝ միավորելու եւ վերահսկելու «կարգոների» գործունեությունը։ Այդ ընկերությունն այժմ փակվել է, այլ ընկերություն է կատարում այդ ֆունկցիան։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքված Վարդան Հարությունյանի մտերիմները, ընկերները եւ ընտանիքի անդամները հրաժարվեցին լրագրողների հետ շփումներից։ Միայն ասացին՝ եթե դատարանի մոտ են, ուրեմն աջակցում են Վարդան Հարությունյանին եւ ապօրինի են համարում նրա կալանավորումը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































