ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց․ այս մասին դատարանի մոտ լրագրողներին տեղեկացրեց Վարդան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արմեն Անդրիկյանը (լուսանկարում)։
Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության գործով հարուցված վարույթի շրջանակներում , որը փակվել էր տարիներ առաջ։ Այս ընկերությունը ստեղծվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ եղած շրջանում՝ միավորելու եւ վերահսկելու «կարգոների» գործունեությունը։
«2018 թվականին «Նորֆոլկ քընսալթինգի» հետ կապված քննություն է իրականացվել եւ հերքվել է, որ Վարդան Հարությունյանը կապ ունի այդ ընկերության հետ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ենթադրյալ կապից ելնելով՝ Վարդան Հարությունյանին ապօրինի տնտեսական գործունեություն, պաշտոնեական դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության եւ փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։
Պաշտպանը նկատում է՝ առկա է դեռ 2018-ին քննիչի որոշումը, որտեղ նշվում է, որ հակամրցակցային համաձայնության մասով քննության արդյունքում այն չի հաստատվել։ Իսկ պաշտոնեական լիազորության չարաշահման մասով էլ, որը կարող էր հարկեր չվճարելու հետեւանք առաջացնել, 2018 թվականի նույն որոշմամբ՝ հարկերը վճարելու հիմքով քրեական գործը կարճվել է։ Երրորդ հանգամանքը՝ Վարդան Հարությունյանի եւ «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության կապն է, որը պաշտպանի պնդմամբ վերցված է 2018-ի գործի նյութերից եւ նույն որոշմամբ՝ վարույթը կարճվել է։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 7 տարի առաջ իրականացված քննությամբ քրեական վարույթը կարճվել է, այդ թվում նաեւ՝ ընկերության եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապի բացակայության հիմքով, բայց այդ գործից վերցված նյութերով գործը թարմացվել է։
Թե ինչո՞ւ յոթ տարի անց գործը նորից դատարան բերվեց՝ առանց նոր ի հայտ եկած հանգամանքի, փաստաբանը չգիտի, ասաց հարցի հասցեատարն էլ ինքը չէ․ «Բայց այն «ապացույցը», որը ներկայացվել է դատարան, վերցված է 2018-ի գործի նյութերից, որը որ նախկինում գնահատվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի՝ 2018-ի կայացրած որոշումը չեղարկված չէ, այն ուժի մեջ է, ուստի, իրավական առումով աբսուրդ է ստեղծվում։
Պաշտպանական կողմը կդիմի Վերաքննիչ դատարան։
Պաշտպանը հայտարարեց, որ Վարդան Հարությունյանին անգամ 2018-ին դատարան չեն կանչել՝ հիմքերը չեն եղել։ Ոչ էլ այժմ են քննչական մարմիններ հրավիրել։ Առաջին իսկ հրավերի ժամանակ՝ կալանավորել են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































