Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի հայակեր առաջնորդն Արցախը հայաթափելուց հետո «ոգեկոչում» է Էնվերին Ստեփանակերտի մեջ եւ հարց է ուղղում հայությանը՝ չվախենալ «ադրբեջանցիների վերադարձի» պրոյեկտից»

Նոյեմբեր 10,2025 17:22

Արցախի տարածքում ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը, ավերել բնակավայրերն ու Ստեփանակերտի թաղամասերը։ Հայկական բնակավայրերը վերանվանվում են ադրբեջանական անուններով, իսկ Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը դեռեւս 2023 թվականին վերանվանել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի անունով։ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությանը եւ հարցին, թե արդյոք չկա՞ իրավական քայլի հնարավորություն Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ներգրավմամբ։ Ստացվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ երկրներ, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ միջազգային մեխանիզմներ չեն գործարկվում։

Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյանի խոսքով՝ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը գաղտնիք չէ, հայությունը եւ հայաստանյան ռազմաքաղաքական պետական համակարգը նույնպես տեղյակ են դրան։ Բաքվի պետության պարագլուխները թե իրենց, թե հայությանը պարբերաբար հիշեցնում են, որ այդ տարածքները վերահսկող ռեժիմը հիմնվել է 1918 թվականին, երբ թուրքական կանոնավոր բանակը հայության ոչնչացման ծրագրով մխրճվեց Արեւելյան Հայաստանի տարածք, սկզբում Գանձակի շուրջ հայտարարեց այդ պետական միավորման առաջացման մասին՝ Գյանջա մայրաքաղաքով, ապա շարժվեց դեպի Բաքու ու շուրջ 30 000 հայեր կոտորելով՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք հաստատեց Բաքուն։

«Էնվերը Արեւելյան Հայաստանն իսպառ բնաջնջելու ծրագրի խորհրդանիշն է, ու թե Էրդողանի՝ Բաքվի զորահանդեսի ժամանակ դրա հոգու փառավորման մասին խոսելը, թե Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը Էնվերի անունով կոչելը թուրքի համար ինքնահաշվետվություն է հայության բնաջնջման ծրագրերի իրականացման մասին։ Թուրքը չի տարանջատում Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում հայության կոտորածից։ Տարանջատում անում են միայն հայկական ցեղասպանագետներն ու Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ ներգրավված հայերը։ Արեւելյան Հայաստանում հաստատված թուրքն իրեն չի տարբերում Արեւմտյան Հայաստանում հաստատված թուրքից, դա կրկին միայն որոշ հայերի պատկերացումների մեջ է։ Այսօր Բաքվի հայակեր առաջնորդը մորթելու սպառնալիքի տակ Արցախը հայաթափելուց հետո «ոգեկոչում» է Էնվերին Ստեփանակերտի մեջ, մյուս կողմից հարց է ուղղում հայությանը՝ չվախենալ իր «արեւմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» պրոյեկտից։ Սա ակնհայտ քարոզ է հայոց ցեղասպանությունն իր ավարտին հասցնելու առումով, անթաքույց, ցինիկ ու նախահարձակ»,- ասաց Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով ցեղասպանության կանխման ու կանխարգելման ուղղությամբ հայկական կողմը ոչինչ չի արել ու այսօր էլ չի անում։ Երեսուն տարիների ընթացքում հայկական ռազմաքաղաքական վերնախավը մսխել է 1988-1994 թվականներին ձեւավորված հայկական ռազմական մտածողությունը, ռազմավարական ու մարտավարական պլանավորման համակարգը, դրա գիտական մոտեցումները։ Բանակի ողջ հոգսը թողել են շարքային հայ մարդու ուսերին, նրա զավակի բազկի վրա։ Քաղաքական դաշտում էլ ցեղասպանության կանխման ու կանխարգելման հարցը միշտ է եղել արհամարհված։ Հոգ չէ, որ մայրաքաղաք Երեւանում պարբերաբար կազմակերպվել ու անցկացվել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ համաժողովներ աշխարհի շատ հայտնի ցեղասպանագետների, պատմաբանների, իրավունքի մասնագետների, միջազգային կառույցների պաշտոնյաների մասնակցությամբ, որտեղ անգամ քննարկվել են կանխարգելման նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները, հնարավորությունները եւ հեռանկարները։

«Որեւէ կառույց այդ հավաքների վրա ֆինանսական ծախսի ու այսօր դրանցից հայության ստացած իրական արդյունքի համար պատասխանատո՞ւ է արդյոք։ Կամ միգուցե կա՞ հաշվետվություն ու գիտական վերլուծություն, թե ինչ կլիներ հայության հետ, եթե չլինեին այդ համաժողովները։ Իսկ կա՞ որևէ գիտական վերլուծություն, թե ինչ կլիներ Հայաստանի կամ Արցախի հետ, թե պետական համակարգի կողմից տրվեր քաղաքական ու իրավական գնահատական Սումգայիթ, Նախիջեւան, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Շահումյան, Խոջալու, Ջուղայի խաչքարեր, Սաֆարով շարքին ու ամենօրյա ընթացք տրվեր այդ իրողությունների մասին քննարկումներին՝ աշխարհի առաջ բացահայտելու, թե ինչպես հայությունը 1988-1994 թվականներին կարողացավ համախմբվել ու կասեցնել Սումգայիթից դեպի Արցախ սողացող ցեղասպանությունը, հակադարձելով անհամաչափ բիրտ յաթաղանին։

Հայաստանյան ռազմաքաղաքական վերնախավը, պետական համակարգն իր արտաքին հարաբերություններում բավականաչափ թերացել է հենց այն առումով, որ նախ չի տվել հարեւան ցեղասպան պետությունների վարած քաղաքականությանը համարժեք գնահատական՝ ցեղասպանական։ Երկու ցեղասպան պետությունների սպառազինման ահագնացող ընթացքին այսօր էլ չի տալիս գնահատական ու չի փորձում 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիայի միջոցով Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների հետ վարել ցեղասպանությունը եւ դրա վտանգը կանխելու քայլեր։

Հայոց հարցի մեջ Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձավ ցեղասպանության զսպման գործիք, քանի որ ցեղասպանության ճանաչման ընթացքը տանող հայ հանրությունը չի դրել այդ խնդիրը, ու ճանաչումը մնում է ինքնամեկուսացված, իսկ հայության ճակատագիրը՝ միայնակ ահագնացող սպառնալիքների առաջ»,- հավելեց նա։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ եթե ցանկացած խոսք որեւէ հրեայի դեմ իսկույն վերծանվում է որպես «անտիսեմիտիզմի», ինչը Հոլոքոստի ճանաչման հիմքերից է, ապա հայության դեմ լայնամասշտաբ տարածում ունեցող արմենոֆոբիայի զսպումը չի մտել Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյաքաղաքական պայմանների մեջ, չի առաջացրել կամ ենթադրել պարտավորություններ, թեեւ Ֆրանսիան, Շվեյցարիան, Բելգիան Ցեղասպանության ժխտումը պատժելի են համարում իրավական դաշտում։ Իսկ Էրդողանի՝ Բաքվի զորահանդեսի ժամանակ Էնվերի հոգու փառավորման մասին խոսելն ու Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը Էնվերի անունով կոչելը հենց արմենոֆոբիա է, ցեղասպանությունն իր վերջնակետին հասցնելու հանձնարարություն։

 «Իսկ հայաստանյան պետական քաղաքականությունն այսօր էլ ցեղասպանության զսպման ու կանխարգելման առումով անհամարժեք է եղած իրավիճակին, գործող սպառնալիքներին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատահականություն չէր, ոչ էլ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ագրեսիայի հետեւանք, դա նախօրոք հայության դեմ մշակված ու գործարկված ցեղասպանության վերջին փուլի հիմնավորումն է ու ամրագրումը»,- նշեց Մարիամ Ավագյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930