ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը պնդում է, որ Սահմանադրության նախագիծը լրամշակման բազմաթիվ փուլեր է անցել, այդ թվում նաև մշակվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակներում․ այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում։
«Փաստացի խորհուրդը քննարկել է, ներկայացրել է և ի վերջո արդարադատության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման Սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը բացելու է հարթակ նոր քննարկումների, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ներկայացնել առաջարկներ։ Սահմանադրության նախագծի հրապարակման համար մենք առանձնացրել ենք նաև առանձին կայք, որտեղ հնարավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացի ծանոթանալու սահմանադրության տեքստին, ներկայացնելու առաջարկություններ և առաջարկությունները հաշվի կառնեն սահմանադրության տեքստի հաջորդիվ խմբագրումներին»,–ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք ներգրավված չեն եղել Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին, փոխնախարարն ասաց. «Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է և իր կողմից իրականացվող գործունեության շրջանակներում ևս կարող է ներկայացնել առաջարկներ սահմանադրական բարեփոխումների նոր փոփոխությունների վերաբերյալ»։
Նաև պնդեց՝ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է. «Մենք որևէ կերպ չենք կարող մեկնաբանել այլ պետությունների կողմից մեր Սահմանադրության վերաբերյալ տրված դիտարկումները, բայց խոսքը փաստացի այն մասին է, որ Սահմանադրության տեքստը մշակվել է այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ, որ ներկայացվել է քննարկման, այսինքն` 2018 թվականից հետո արդեն իսկ դրվել է խնդիր՝ ունենալու նոր սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության թևերը, կկարողանա ապահովել, որ վարչապետի իշխանությունը լինի փաստացի այն իշխանությունը, որը հեղափոխությունից հետո պիտի կարողանար ապահովել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































