Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանատվության իսպառ բացակայություն։ Մեղքը դնում են ընտանիքի վրա, որ ձեր տղան ինքնասպան է․․․ Հեշտ է ընտանիքի վրա բարդել»․ Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Թորոսյանի մահվան մասին

Հուլիս 23,2026 17:21 Share

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն այսօր էլ ցավով է հիշում պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի ժամանակին արած աղմկահարույց արտահայտությունը, թե «զինվորը տանը զենք չունի, գալիս է էստեղ (բանակում.- Ն. Գ.) է ինքնասպան լինում»։

Առիթը հերթական ցավալի դեպքն էր՝ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը։ Արդեն երրորդ օրն է՝ ՊՆ-ն մինչ այս պահը պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տարածել։ Քննչական կոմիտեն է տեղեկացրել, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այն էլ մամուլում «արտահոսքից» հետո, որում առաջ էր քաշվում ինքնասպանության վարկածը։ Քրեական գործը հարուցվեց հենց այդ վարկածին համահունչ՝ «անզգուշությամբ ինքնասպանության հասցնել» հոդվածով։

«Սա անընդունելի, անթույլատրելի մի բան է․ ոչ Քննչական կոմիտեն, ոչ էլ Պաշտպանության նախարարությունը։ Որտեղի՞ց գիտի մահվան հանգամանքները լրատվամիջոցը։ Ուրեմն, նետում են մամուլ, որ հետո իրենք հանգիստ ինքնասպանության վարկածն առաջ քաշեն։ Ու ես շատ թերահավատորեն եմ վերաբերվում տարածված այդ լուրերին, որոնք պաշտոնապես չի հաստատել Պաշտպանության նախարարությունը։ Եթե Պաշտպանության նախարարությունը հաստատեր, չլռեր հենց առաջին օրը, ինքը տարածեր հաղորդագրությունը․․․ Սա շատ կարեւոր է ե՛ւ գործի քննության համար, ե՛ւ ընդհանրապես։ Ես չգիտեմ՝ սա սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանությո՞ւն․․․ Շատ ցավալի է, որ բռնությունները շարունակվում են բանակում։ Դեռ մենք ինչքա՜ն չենք իմանում, մենք իմանում ենք՝ մահվան դեպքերում, բայց բռնությունը, բռնության մթնոլորտը բանակում, ուղղակի, առկա է, եւ դրա համար այսպիսի հանգուցալուծումներ են լինում՝ մահվան ելքով»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրության նախնական տեքստում անգամ չէր նշել մահացած ժամկետային զինծառայողի անունը։ Լրագրող Մարիամ Պետրոսյանի դիտողությունից հետո միայն անվան առաջին տառերն ավելացվեցին հաղորդագրության տեքստում։

«Մեղքը դնում են ընտանիքի վրա, որ ձեր տղան ինքնասպան է․․․ Հեշտ է ընտանիքի, տղայի վրա բարդել։ Իսկ ի՞նչ միջավայրում, ի՞նչ մթնոլորտում, իրականում ի՞նչ է տեղի ունենում՝ հիմա մենք չգիտենք։ Մեր կազմակերպությունը երկու տասնյակից ավելի հենց ինքնասպանության դեպքերով է տարիներ շարունակ զբաղվել, մեր փաստաբանը ներգրավված է եղել։ Որեւէ դեպք չկա, որ, եթե որակվել է ինքնասպանություն, հետո դա վերաորակվի։ Ամենաանհերքելի ապացույցների դեպքում անգամ չկա նման օրինակ։ Մենք ունենք դեպքեր, օրինակ, Մկրտչյան Անդրանիկի դեպքը, որը հրամանատար էր եւ քառօրյայի հերոսներից էր։ Երբ որ մենք այդ բոլոր ապացույցները հավաքեցինք, որ սպանություն է, այդ գործը կասեցվեց, գործն ընթացք չի ստանում»։

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների մահվան առնվազն 8-12 դեպք։ Պաշտպանության նախարարության կողմից պաշտոնապես հաղորդվել է մահվան 6 դեպքի մասին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ընդհանուր թիվը հասնում է 12-ի՝ ներառյալ զինվորական ծառայության հետ չկապված դեպքերը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին թարմացված զեկույցը, որը հրապարակվել է 2026 թվականի ապրիլին, ներառում է նաեւ ինքնասպանությունների վիճակագրությունը։ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք (ՀՔԱՎ-ի հավաքագրած տվյալներով)։ Դրանցից 6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել (որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում)։ Համեմատության համար՝ 2024 թվականին արձանագրվել էր 9 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք։ Զեկույցում նաեւ նշվում է, որ 10 ժամկետային զինծառայողներից 5-ի մահվան պատճառը ինքնասպանությունն է, եւ ՀՔԱՎ-ն արձանագրում է, որ ինքնասպանությունը շարունակում է մնալ ժամկետային զինծառայողների մահվան հիմնական պատճառներից մեկը։

 

Ըստ մեր զրուցակցի՝ վերահսկողության իսպառ բացակայությունն է հիմնական խնդիրը, նաեւ կարգապահությանը վերաբերող հարցերը եւ, որպես կանխարգելիչ միջոց, մահվան դեպքերով բացահայտումների չլինելը․ «Որքան ես եմ հասկանում, հիմա բոլոր համակարգերը, կառույցները զբաղված են քաղաքական գործընթացներով։ Հիմա՝ առավել եւս։ Մահվան դեպքեր միշտ եղել են, եւ դուք գիտեք, որ ես միշտ էլ խոսել եմ, քննադատել եմ, ներկայացրել եմ, բայց այսպիսի անտարբերություն, ոնց որ հիմա է տիրում՝ ես չեմ հիշում։ Պետության պատասխանատվության ներքո է գտնվում զինծառայողը, երբ որ զորակոչվում է բանակ։ Ծառայության ամբողջ ընթացքում ո՞վ պետք է պատասխանը տա, երբ որ մենք չենք լսում նախարարությունից որեւէ ծպտուն։ Ծնողները չեն էլ կարող մոտենալ այդ շենքին։ Ոչ մեկին չի ընդունում Սուրեն Պապիկյանը։ Դուք տեսաք, այս դեպքով անգամ չեն ցավակցել։ Պատասխանատվության իսպառ բացակայություն։ Բայց կյանք է, չէ՞, կյանքի իրավունք․ խլեցին այս լուսավոր, պայծառ տղայի կյանքը, ու չկա ոչ մի պատասխանատվություն, որ մեկը դուրս գա, գլուխը խոնարհի, ասի, որ մենք ամեն ինչ կանենք, որ այդ դեպքերը չկրկնվեն․․․ Երբ որ հանդիպում ես էդ ծնողների հետ, իրենք են ասում՝ գոնե սա վերջինը լինի»։

Ժաննա Ալեքսանյանի դիտարկումներով՝ վերջին երկու տարիների ընթացքում բանակում բարեփոխումներից իշխանավորները չեն խոսում կամ շատ քիչ են խոսում։ Այդ խոսակցություններն ինքը առավելապես 2023-ին է լսել։ Հիշեցնում է՝ 2023-ին ամենաշատն էին մահվան դեպքերը․ միայն հուլիս-օգոստոսին՝ մեկ ամսվա ընթացքում, 10 զինծառայողի մահվան դեպք էր արձանագրվել․ «Չի կարող բանակում ընթանալ բարեփոխման գործընթաց, ու այդքան մահվան դեպքեր լինեն։ Էլ չեմ ասում, այլ դեպքեր էլ կային։ Ես չեմ տեսնում բարեփոխումներ, երբ որ բարեփոխումներ, իրոք, լինում են բանակում, բռնության դեպքեր քիչ են լինում»։

Վիտալի Մանգասարյան

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությանը եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը «Հենակետ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վիտալի Մանգասարյանի բնութագրմամբ՝ պետության ուժային կառույցների հիմնական առաքելություններից մեկը հանցագործությունների բացահայտումը չէ միայն, այլեւ դրանց կանխարգելումը․ «Մինչ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, իսկ պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, հասարակության շրջանում պարզ եւ տրամաբանական հարց է առաջանում, այն է՝ արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճի՞շտ են օգտագործվում։

Եթե այն մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների թեկուզ մի մասը, որն այսօր ծառայեցնում են քաղաքական գործընթացներին, ուղղվեր բանակում կարգապահության, բռնությունների կանխարգելման, ռիսկերի վաղ հայտնաբերման եւ զինծառայողների անվտանգության ապահովմանը, վստահաբար հնարավոր կլիներ կանխել բազմաթիվ ողբերգություններ։

Բանակում յուրաքանչյուր կորցրած զինվոր ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգությունն է, այլեւ պետության ձախողումը։ Ուստի յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է գնահատել պետական համակարգի արդյունավետությունը։ Որովհետեւ եթե համակարգը մշտապես արձագանքում է միայն ողբերգությունից հետո, նշանակում է՝ կանխարգելման մեխանիզմները բավարար արդյունավետ չեն աշխատում»։

Վահագն Սարոյան

Հայ-ռուսական համալսարանի դասախոս Վահագն Սարոյանն էլ Նարեկի մահվան առիթով գրում է․ «Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով զոհված զինծառայող Նարեկ Թորոսյանին ճանաչել եմ դեռեւս իր առաջին կուրսից, ով աչքի էր ընկնում իր համեստությամբ, պարտաճանաչությամբ ու հավասարակշռությամբ։ Սեսիոն քննության ժամանակ ինձ ասաց՝ «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում»։ Գրկեցի, գոտեպնդեցի, բարի եւ անփորձանք ծառայություն մաղթեցի։ Իսկ այս ողբերգական լուրը ցնցեց ողջ ներաշխարհս․ ոնց կարող է այդպես պատահել… Լույսերի մեջ մնաս, Նարեկ ջան։

Ցավոք, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով նման անդառնալի դեպքերը մեզանում բացառիկ չեն։ Սա առանձին դեպքի խնդիր չէ, այլ համակարգային տապալումների հետեւանք, որոնք տարիներ շարունակ ամբողջությամբ չեն վերացվում։ Իրավական տեսանկյունից ակնհայտ է վերահսկողության ճգնաժամը։ Միաժամանակ մտահոգիչ է նաեւ բանակում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի դեպքերի թիվը։

Ծնողը տարիներ շարունակ մեծացնում ու դաստիարակում է իր որդուն, վստահում պետությանը, իսկ համակարգային անկման հետեւանքով կորցնում նրան։ Ծնողի համար դա ամբողջ կյանքի կորստի ու անդառնալի ցավ է, մինչդեռ համակարգի համար հաճախ հերթական թիվն է վիճակագրության մեջ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031