Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլ 14,2026 15:09 Share

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը: Նախարարին ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Բենժամեն Հադադը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, հետո շրջել նաև թանգարանի վերջին սրահում՝ բացօթյա ներքին բակում, որի կիսաշրջանաձև, տասներկու հավասար հատվածների բաժանված բազալտե պատի վրա փորագրված են ակնառու պետական գործիչների, դիվանագետների, գիտնականների, գրողների` Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը:

Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Հադադին է նվիրել ՀՑԹԻ ֆրանսերեն պատկերագիրք և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքույկը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930