Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի անհետացումների հարցը ICLaw-ի ուշադրության կենտրոնում․ շարունակական կապ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հետ

Ապրիլ 15,2026 13:35 Share

2023 թ․ օգոստոսի 18-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին։ Զեկույցում ներկայացվել էր 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ բռնի անհետացած հայերի մասին փաստագրված տեղեկություններ՝ բարձրաձայնելով խնդիրը միջազգային իրավական մակարդակում։

Նույն տարում ներկայացված զեկույցում կենտրոնը համապարփակ անդրադարձ է կատարել պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ընդհանուր թվին՝ առանձնացնելով վեց դեպք։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը աշխատանքային խմբին է ներկայացրել անխոցելի ապացույցներ, որոնք հաստատում են նրանց գերեվարման և հետագա անհետացման հանգամանքները։ Արձանագրվել է Ադրբեջանի անգործությունը՝ այդ ապացույցների պատշաճ քննության և անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտման ուղղությամբ։ Զեկույցը նաև շեշտադրում է էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության և էթնիկ ատելության քաղաքականության առկայությունը՝ այն դիտարկելով որպես բռնի անհետացումների համակարգային պատճառներից մեկը։ Ստանդարտ ընթացակարգի շրջանակներում աշխատանքային խումբը դրանք փոխանցել է Ադրբեջանին։

2024 թ․ մարտին կենտրոնը անհետ կորած անձանց հարազատների անունից ՄԱԿ-ի Բռնի անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ևս մեկ զեկույց, որտեղ մանրամասնորեն նկարագրված են 8 անձանց անհետացման հանգամանքները։ Բացի դրանից այս զեկույցում տեղ են գտել նաև շրջափակման և 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Արցախում տիրող ընդհանուր իրավիճակի մասին տեղեկատվություն։ Չնայած ներկայացված բողոքներին՝ Ադրբեջանի կառավարությունը պատասխան է տրամադրել աշխատանքային խմբի կողմից գրանցված չլուծված դեպքերից ընդամենը 15-ի վերաբերյալ։ Սակայն այդ պարզաբանումները չեն բավարարել աշխատանքային խմբին, որի արդյունքում վերջինս որոշում է կայացրել պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։

2020թ․-ից վեր Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ակտիվ և կառուցողական կապի մեջ է աշխատանքային խմբի հետ՝ հետևողականորեն արձագանքելով Ադրբեջանի կողմից ներկայացվող պատասխաններին, որոնք հաճախ կրում են մերժողական բնույթ և պարունակում են պնդումներ` տեղեկատվության բացակայության վերաբերյալ։

Հետագա փուլում կենտրոնը ներկայացրել է լրացուցիչ դիմում, որտեղ ժամանակագրական հաջորդականությամբ ամփոփվել են աշխատանքային խմբի միջոցով փոխանցված բոլոր դեպքերի մանրամասները։ Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ներկայացվել են կոնկրետ փաստական տվյալներ՝ անհետացման հանգամանքների, վերջին անգամ տեսնելու վայրի և պայմանների վերաբերյալ։ Զեկույցում նաև հղումներ են կատարվել ադրբեջանական աղբյուրներում տարածված տեսանյութերին և լուսանկարներին՝ որպես լրացուցիչ ապացուցողական նյութ, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծվել է, որ բռնի անհետացումների համակարգային պառճառներից մեկը հայերի նկատմամբ ռասայական խտրականության և էթնիկ ատելության քաղաքականությունն է։

2026 թ. փետրվարին աշխատանքային խումբը կենտրոնին է փոխանցել Ադրբեջանի պատասխանները՝ 18 բռնի անհետացած անձանց վերաբերյալ։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը հանդիպումներ է ունեցել ընտանիքի անդամների հետ, նրանց է փոխանցել տեղեկատվությունները, քննարկել ու մեկնաբանություներ է ստացել հարազատներից, որոնց ներառել է Աշխատանքային խմբին հաջորդիվ ուղարկված զեկույցի մեջ։ Զեկույցում ներկայացվում է, որ Ադրբեջանի կառավարության տրամադրած տեղեկատվությունը չի ապացուցում անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի բացահայտման ուղղությամբ որևէ անհապաղ, արդյունավետ և անկողմնակալ քննության իրականացում։ Որոշ անհետ կորած անձանց տեսել են կենդանի՝ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, ինչի պայմաններում պետության վրա է դրված նրանց ճակատագիրը պարզելու պարտավորությունը։ Այնուամենայնիվ, ներկայացված պատասխանները հիմնականում կրում են ձևական բնույթ, չեն ներկայացվում իրականացված քննության կոնկրետ քայլերը և չեն նպաստում անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտմանը։

Հիշեցնենք, որ կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը դեռևս 2022 թ․ հայտարարել էր հայերի հարկադիր անհետացումների առնվազն 80 փաստագրված դեպքերի մասին, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների համալսարանական ցանցի կողմից։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930