«Նորից ունենք մի տրամաբանություն, որը կարծում եմ, այս անգամ դժվար թե աշխատի։ Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանեւրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունն ասում է, թե ընդդիմությունն է ձեռքերը տաքացնում ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրության վրա։ Եվ նրանք, ովքեր խոսում են հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների մասին, ինոագենտ են այն ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էր Պուտինը վերջնագրերի լեզվով խոսում:
«Երբ պետք է՝ դառնում են արեւմտամետ, երբ պետք է՝ դառնում են խիստ ռուսամետ։ Բայց իրենց խնդիրը մնում է նույնը՝ այնպես անեն, որ բոլոր դաշտերում իրենք համարվեն ամենալավագույնը եւ բոլորի կողմից ընդունվածը։ Բայց անցած ճանապարհ կա, չէ՞, կատարված գործողություններ կան, կոնկրետ քայլեր կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ իրենց հայտարարություններն անհամատեղելի են իրենց գործողությունների եւ իրենց արածների հետ։
Իրենք 2021 թվականին խաղարկեցին այն թեզը, որ իբր գալիս են պաշտպանելու, եթե պատկերավոր ասեմ, Պուտինի ստորագրությունը՝ կապված նոյեմբերի 9-ի հայտնի պայմանագրի հետ, որովհետեւ այն ժամանակ, այո, մենք խոսում էինք այդ պայմանագրի մտահոգիչ լինելու մասին մեր հարաբերությունների իմաստով։ Եվ նա դարձել էր պաշտպանը։ Բայց հիմա տեսանք, թե այդ նոյեմբերի 9-ից նախ ինչ թողեցին։ Եվ հիմա խոսել, թե իրենք ամենառուսական քաղաքականությունը եւ ռուսական շահերն, այսպես ասած, պաշտպանող ռեժիմն են, եթե չասեմ ծիծաղ է առաջացնելու, ուղղակի ոչ ոք դրան չի հավատալու։ Եթե ինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակ է համարում ԵՄ ուղղությամբ քայլեր կատարելը, օրենք ընդունելը, բայց իրեն անընդհատ ասում են, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն իրար հետ անհամատեղելի են, հիմա պարզվում է՝ ինքը ԵԱՏՄ-ի հիմնական, գլխավոր ջատագովն է եղել ու մե՞նք ենք եղել դրա դեմ խոսողը։ Դրա մասին բոլոր հայտարարությունները մինչեւ հիմա հակառակն են ցույց տվել։
Ինչ վերաբերում է դրանք համատեղելուն, համատեղման քաղաքականություն է պետք վարել։ Մենք էն գլխից էլ ասել ենք «եւ, եւ»-ի քաղաքականություն է պետք իրականացնել, այլ ոչ թե «կամ, կամ»-ի։ Իրենք մտել են «կամ, կամ»-ի քաղաքականության մեջ։ Եվ սա հայտարարություններով, խոսքերով լղոզել հնարավոր չէ»,-ասաց Ռուստամյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































