Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հաղորդումները, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները կարո՞ղ են հիմք լինել կուսակցությունը չգրանցելու»․ ԿԸՀ նախագահը հստակ չպատասխանեց

Ապրիլ 17,2026 18:06 Share

«Որպեսզի քաղաքական ուժը՝ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը չգրանցվի, պետք է իր փաստաթղթերը թերի ներկայացնի և հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը: Այլ իրավիճակ չգրանցելու ԸՕ-ն չի նախատեսում։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների գործունեությունը քաղաքական դաշտում, գրանցման փուլում որևէ կերպ չի կարող քննարկման, գնահատման առարկա լինել, քանի որ ԸՕ-ն ուղղակի պահանջում է՝ եթե կա գրանցված քաղաքական ուժ, կուսակցություն, կամ դաշինք, ինքն իրավունք ունի իր փաստաթղթերի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել»,-հարցին՝ իրավապահների՝ ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հաղորդումները, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները կարո՞ղ են հիմք լինել կուսակցությունը չգրանցելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց, որ այս պահին ունեն մեկ առաջադրում՝ ՔՊ-ն։ Նա, հղում կատարելով Ընտրական օրենսգրքին, ասաց, որ այն հստակ ասում է, թե ինչպես, որ դեպքում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը մերժվում․ «Ինչ վերաբերվում է ընդհանրապես այս կամ այն քաղաքական ուժի, թե ով, ինչ քրեական հետապնդում, տուգանք և այլն, դա կապ չունի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ մեղադրանքները կարո՞ղ են հիմք դառնալ, որ այդ ուժին չգրանցեն, Վահագն Հովակիմյանը կրկին չպատասխանեց․ «Դուք այս պահին խոսում եք մի երևույթի մասին, որը կապ չունի ԸՕ հետ»։

Հարցին՝ կուսակցության գրանցումն ինչպե՞ս կարող է չեղյալ հայտարարվել, ԿԸՀ նախագահը պատասխանեց․ «Կուսակցությունը փաստաթղթերը ներկայացնում է, գրանցվում է, դրանից հետո, եթե կուսակցությունն ԸՕ սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս, կամ պարզվում է, որ փաստաթղթերը կեղծված են, կամ համակարգված խախտումներ է թույլ տալիս, այդ դեպքում կարող է չգրանցվել։ Ծանրակշիռ փաստեր պիտի լինեն արդեն գրանցված քաղաքական ուժի հետ կապված, որ ԿԸՀ-ն նման փաստերի պայմաններում այլևս պարտավոր լինի դիմել դատարան։ ԿԸՀ-ն գործելու է փաստերի հիման վրա։ Լիահույս եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը կգործեն ԸՕ շրջանակներում։ Եթե անգամ լինեն անհատներ, որոնք օրենքով պատասխանատվություն ենթադրող գործողություններ կանեն, նրանք կենթարկվեն պատասխանատվության, բայց քաղաքական ուժերը կգործեն ԸՕ սահմանված խաղի կանոնների շրջանակներում և քաղաքական ուժերը թույլ չեն տա ԸՕ համակարգված խախտումներ։ Ես ավելի լավատես եմ մեր քաղաքական ուժերի հետ կապված»։

Լրագրողների փաստմանը՝ հայտարարություններ են հնչում, որ «Ուժեղ Հայաստանին» չպետք է գրանցել Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունների հիմքով և հարցին՝ դա հիմք համարո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Քաղաքական, նախընտրական փուլ է, քաղաքական գործիչներն ազատ են մեկմեկու քննադատելու, մեղադրանքներ ներկայացնելու, մեկը մյուսի սխալի հետևանքը յուրովի ներկայացնելու, գնահատելու։ Դուք ուզում եք, որ ԿԸՀ նախագահը քաղաքական բանավեճի մեջ մտնի՞։ ԿԸՀ-ն գործում է ԸՕ շրջանակներում, եթե որևէ պահանջ՝ ԿԸՀ հասցեագրված հիմնված չէ ԸՕ նորմերի վրա, մենք ուղղակի երբևէ չենք կարող ոչ այդ պահանջին ընթացք տալ, ոչ էլ գնահատել»։

Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չեք տեսնո՞ւմ, որ արգելվի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը, ԿԸՀ նախագահն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց ու հորդորեց, որ լրագրողներն ընթերցեն Ընտրական օրենսգիրքը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930