Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:
Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում ու «վա բանկ» է գնում՝ փորձելով ցույց տալ, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ իր վերջին հանդիպումը ոչ թե արտաքին-քաղաքական տապալում էր, այն էլ՝ դղրդյունով, այլ հակառակը՝ «ամեն ինչ հրաշալի է…»: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդ մանիպուլյացիային դիմում: Պարզ պատասխանը նույնպես ակնհայտ է. Փաշինյանը հրաշալի տեղյակ է հանրային տրամադրություններին: Իսկ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ ա) կողմ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը, բ) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, գ) հասկանում է, որ դա վատ հետևանքներ է ունենալու անմիջականորեն յուրաքանչյուրի կյանքի որակի ու կենսամակարդակի վրա, դ) տեսել է Պուտինի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը ու հասկացել, որ վիճակը չափազանց լուրջ է ու ոչ դրական:
Դրա համար էլ Փաշինյանը ներքին լսարանի, հատկապես իր՝ արդեն տատանվող կողմնակիցների վրա փորձում է տպավորություն թողնել, թե բոլորը «սխալ» տեսանյութ են դիտել, իրականում ինքը շատ էլ լավ հարաբերությունները կարգավորել է Պուտինի հետ: Բայց դա զուտ նախընտրական, քարոզչական «փուչիկ» է: Փաշինյանի նշած «հաջող հանդիպումից» մեկ օր անց ռուսական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակում է հարցազրույց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հարցազրույց, որ լի է զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականներով, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խզել ցանկացող Փաշինյանի կառավարությունը ինչ տնտեսական ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանին:
Վստահ ենք, որ Հայաստանում շատ-շատերին է հետաքրքրում ու մտահոգում, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու (մեկը մյուսին համարժեք է), ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած արկածախնդրական արտաքին քաղաքականության հետևանքով:
Կարդացեք նաև
Հա, ամենից կարևորի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար նշանակելու է նաև այն, որ ներկայի 177 դոլարի փոխարեն ռուսական բնական գազը Հայաստանն ստիպված կլինի գնել Եվրամիության գներով՝ 1000 խմ-ն 600 և ավելի դոլարով: Դա նշանակում է էլեկտրաէներգիայի, առհասարակ, կոմունալ ծառայությունների շոշափելի թանկացում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների թանկացում, հայկական արտադրանքի՝ էներգակիրների հետ կապված գրեթե ամբողջ տեսականու նկատելի թանկացում, գնային մրցունակության կորուստ և այլն, և այլն՝ մի ահռելի ցանկ, որը դատարկելու է յուրաքանչյուրիս գրպանը: Կարճ՝ դա նշանակում է սոցիալական ու տնտեսական կաթված:
Այո, Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Բայց, կարծես, ոչ մի ուղղությամբ բան դուրս չի գալիս. ժողովուրդը վաղուց է դա հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































