Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին են ընտրությունները

Ապրիլ 21,2026 10:00 Share

«Այ, հիմա ընտրություններ կանցկացվեն, եւ մենք կտեսնենք, թե ով է մարդ, իսկ ով՝ «շունուշանգյալ»: Այսպիսի տրամադրությամբ է իշխանությունը գնում ընտրությունների եւ այդպես է կողմնորոշում հասարակությանը:

Ես վստահ եմ, որ ընտրություններ անցկացնելու նպատակը դա՛ չպիտի լինի. ընտրությունների արդյունքները չպիտի զատեն մարդկանց եւ «ոչ մարդկանց»: Եթե նույնիսկ X-ը ստանում է 99 տոկոս, իսկ Y-ը՝ 1 տոկոս, դա դեռ չի ապացուցում, որ այդ 1 տոկոսը «շներ» են: Կամ՝ «ժեխ» են, կամ՝ «զոմբի»: Բոլորը ՀՀ քաղաքացի են, մարդ են եւ հայ են՝ քաղաքական իմաստով, նույնիսկ եթե այլ էթնիկական ծագում ունեն: Քաղաքական ընդդիմախոսներին «ոչ մարդ» համարելը, բնականաբար, հատուկ է ոչ միայն իշխանությանը, բայց պառակտման ազդակներն, անշուշտ, գալիս են Փաշինյանից, որն առանց սկանդալի, առանց հակառակության մի օր անգամ չի կարողանում ապրել:

Իրականում ընտրությունները, կարծում եմ, քաղաքացիների առաջնահերթությունները ճշտելու մասին են: Ինձ համար դրանք են

1/ սահմանադրականությունը, օրինականությունը,

2/ ժողովրդավարությունը,

3/ ազգային ինքնությունը:

Փաշինյանի ժամանակ կոպտորեն խախտվում է օրինականության սկզբունքը: Տասնյակ փաստերից բերեմ երկուսը՝

ա/ ընտրություններում հիմնական մրցակիցները դրվում են իշխանության հետ խիստ անհավասար պայմանների մեջ, նրանց դեմ է աշխատում ռեպրեսիվ ապարատը,

բ/ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները փորձում են կառավարել եւ վերահսկել Հայ առաքելական եկեղեցին, եւ ՔՊ-ն դրա մասին անգամ նախընտրական կետ ունի:

Ժողովրդավարությունը ես հասկանում եմ ոչ թե որպես ձեւական ճառեր եվրոպական ամբիոններից, այլ՝ որպես հարգալից, բարյացակամ եւ, չեմ վախենա այդ բառից՝ քրիստոնեական վերաբերմունք դիմացինի նկատմամբ: Ինքներդ դատեք, թե ինչպես են վարվում իշխանությունները եւ դրանց սպասարկող «եվրոպամետ» հ/կ-ականները:

Ազգային ինքնությունն, իհարկե, ինչ-որ կարծրացած, մեկընդմիշտ տրված որակ չէ: Բայց այն ենթադրում է, որ որեւէ մեկը չի կարող ասել՝ բոլորը, սկսած Մեսրոպ Մաշտոցից, սխալ էին, միայն ես եմ ճիշտ: Կամ՝ եկեք պետություն կառուցենք այն կանխավարկածով, որ մենք հենց այս պահին ենք ինկուբատորից դուրս եկել:

Դուք կհարցնեք՝ «իսկ խաղաղությո՞ւնը»: Կարծում եմ, որ խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա պետություն: Առանց առաջին երեք նախապայմանի՝ պետություն չկա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930