Ճանապարհների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ ավագանու նիստում այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամների քննադատությունից սրտնեղած՝ ՔՊ-ական ավագանու անդամ Նատալյա Սինորյանը քննադատեց «Մայր Հայաստանի» գործընկերների վարքագիծը:
Նա պատմեց, թե ինչպես օրեր առաջ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները դպրոցին վերաբերող նախագծին քվեարկեցին «ձեռնպահ», իսկ «Սիրուշո production» կազմակերպությանը Երեւանում ավտոկայանատեղի տրամադրելու նախագծին քվեարկեցին «կողմ»:
Կարդացեք նաև
«Պարոն Սարգսյան, այստեղ բոցաշունչ ելույթներ եք ունենում, խոսում եք չկատարված նախագծերից, ես ձեզ հարց եմ ուղղում՝ դուք ո՞ր կազմակերպության շահերի պաշտպանն եք, ո՞ր քաղաքական ուժի հովանավորչության ներքո եք: Ձեզ հենց ասում ենք՝ Քոչարյանի հետ կապ ունեք, քիչ է մնում այս դահլիճում ձեզ դիվահարվածի պես պատերով տաք, բայց նույն Մեսրոպ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի 13-րդ համարն է: Իհարկե, խիստ կասկածում եմ՝ իր մանդատը կստանա, կամ «Հայաստան» դաշինքը կհայտնվի խորհրդարանում, բայց եթե հայտնվի էլ, ձեր մանդատները մատաղ են անելու, որ ինչ որ մեկը ստանա: Ինչպես նախորդ խորհրդարանում արեցին, այնքան մարդիկ մանդատը դրեցին, մինչեւ փոքրիկ Քոչարյան Լյովկան մանդատը ստանա: Չհամարձակվե՛ք այսուհետեւ որեւէ ավագանու անդամի քվեարկությունը կասկածի տակ դնեք»,- իր ելույթը ամփոփեց Սինորյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































