Հաղորդագրություն կեղծ օգտահաշիվների և տեղեկատվական միջամտության վերաբերյալ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, հավատարիմ լինելով օտարերկրյա միջամտությունից հայաստանյան ընտրությունները պաշտպանելու առաքելությանը, սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նույնականացրել է մի շարք կեղծ օգտահաշիվներ, որոնք գործիք են ծառայել արտաքին միջամտությամբ Հայաստանի տեղեկատվական դաշտում կեղծ տեղեկություններ և ատելության խոսք տարածելու համար։
Այդ օգտահաշիվները նաև տարածում են մանիպուլյատիվ բովանդակություն հունիսին սպասվող ընտրությունների վերաբերյալ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական գործընթացները:
Նշված՝ 100-ից ավելի էջերի ու ալիքների ցանկը, որոնց մեծ մասը սոցիալական ցանցերում դրսևորում են ոչ բնական (Inauthentic) վարքագիծ, փոխանցվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Facebook-ի, Instagram-ի ու YouTube-ի հարթակներում դրանց գործունեությունը սահմանափակելուն ուղղված առաջարկով։
Կարդացեք նաև
Ցանկում չեն ներառվել ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքական գործիչների և կուսակցությունների էջերը։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած ցանկի հիման վրա ԱՄՆ սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ին և Alphabet Inc.-ին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տարածվող ապատեղեկատվությունը կանխելու համար։
Սենատորներն ընկերություններին փոխանցել են իրենց մտահոգությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ն ճանաչում է արտաքին դերակատարների ապատեղեկատվական ջանքերի լուրջ սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարության համար։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


















































