Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի

Հունիս 18,2026 13:00 Share

Գրությամբ դիմել էին ոստիկանություն՝ տեղեկանալու համար, թե ինչ ընթացք են ստացել նշված խախտումները

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի։ Կազմակերպությունը խնդրել է  պարտավորեցնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին անհապաղ և սպառիչ պատասխանել ԻՔՄ խորհրդատվական ՀԿ-ի 21.04.2025 թվականի թիվ Հ-Ռ-3054 հարցմանը՝ տրամադրելով դրանով խնդրարկված տեղեկությունները (փաստաթղթերը):

ՀՀ վարչական դատարանի 2025 թ. հունիսի 6-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, պահանջվել է ապացույց և հրավիրվել է նախնական դատական նիստ:

Հայցվորը և վերջինիս ներկայացուցիչները հայտնել են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գնումների մոնիթորինգի մասնագետի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ոստիկանությունում 2022 թվականի պետական բյուջեի 3 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքներով բացահայտել էր մի շարք խախտումներ: Մասնավորապես.

1. ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ 43-2022-ԱՎՏՈ ծածկագրով գնման ընթացակարգի մասնակիցներից «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացրել է ոչ լիարժեք (նշվել են բաժնետոմսերի միայն 10%-ի բաժնետիրոջ տվյալները), չի ներկայացրել իրական պատկերը, սակայն փաստը անտեսվել է մրցութային հանձնաժողովի կողմից: Արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից պատշաճ կերպով չի ուսումնասիրվել տվյալ փաստաթղթի բովանդակությունը, չի ստուգվել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը, և եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվեին իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը կմերժվեր:
2. ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-43-2022-ԱՎՏՈ պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված էր, որ «Տոյոտա Ռավ 4» մեքենայի քաշը կազմում է 1715 կգ, մինչդեռ հաշվեքննության ընթացքում պարզվել էր, որ մատակարարված թվով 70 հատ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի մեքենաների քաշը պակաս է նախատեսվածից նվազագույնը 71.25 կգ-ով: Ի դեպ՝ աճուրդի մասնակից «Սքայ Մոտորս» ՍՊԸ-ի հայտը մերժվել էր հանձնաժողովի կողմից նաև այն պատճառով, որ վերջինիս առաջարկած մեքենայի քաշը պակաս է եղել հրավերով պահանջվող քաշից:

3. Ավտոմեքենաների գնման վերաբերյալ հրապարակված հրավերում թե՝ սեդան տեսակի և թե՝ ամենագնացի համար զետեղված տեխնիկական բնութագրերում նշվել էր, որ մեքենաների շարժիչները չպետք է ունենան հավելումներ (TURBO, KOMPRESOR, GD): Սակայն պարզվել է, որ մատակարարված 140 ավտոմեքենաների A25A-FKS տեսակի շարժիչներն ունեն Toyota D-4S համակարգով վառելիքի սնուցման համակարգ, որը սնուցում է նաև վառելիքի բարձր ճնշման պոմպի միջոցով բենզինի ուղղակի ներարկմամբ (GDI), հետևաբար՝ դրանք, ըստ էության, չեն համապատասխանում ընթացակարգի հայտարարության հրավերի տեխնիկական բնութագրի պահանջներին: Ի դեպ՝ այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, և կարելի էր ենթադրել, որ շարժիչի հավելումների արգելքը խոչընդոտ է հանդիսացել այլ մատակարարների համար:

4. 2022թ. հունվարի 26-ին ոստիկանության և «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ միջև կնքվել է 145,320.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով ոստիկանական մեքենաներում 150 հատ «Grundig-Security» արտադրողի GD-CI-AT2505B մոդելի համացանցային տեսահսկող տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ «ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-22-ՏԵՍԱԽՑԻԿ-2022/ԿԿՏՎ» պայմանագիրը: Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշները 300կմ/ժ արագությամբ շարժվելու դեպքում ճանաչելու կարողություն: Մատակարարը ոստիկանություն է ներկայացրել գրություն, որ տվյալ տեսակի տեսախցիկները կարող են տարբերակել և ճանաչել պետհամարանիշները մինչև 400կմ/ժ արագության դեպքում: Հաշվեքննիչ պալատի եզրակացության համաձայն՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի Պարեկային ծառայության մեքենաների մեջ տեղադրված GD-CI-AT2505B մոդելի տեսախցիկները դիմացի մեքենայի պետհամարանիշը կարող են ճանաչել առավելագույնը 220-230կմ/ժ (110-115կմ/ժ հանդիպակաց շարժվելիս) արագության դեպքում, ինչը պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանվածից պակաս է շուրջ 70 կմ/ժ:

Գրությամբ դիմել էին ոստիկանություն՝ տեղեկանալու համար, թե ինչ ընթացք են ստացել նշված խախտումները:

Սակայն ոստիկանությունից ԻՔՄ-ին տեղեկացրել են, որ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ 2023թ. նոյեմբերի 24- ին որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատված չլինելու հիմքով: Ըստ այդմ՝ Կոմիտեից, 2025թ. ապրիլի 21-ի հարցմամբ, իրավապաշտպան կազմակերպությունը խնդրել է՝

ա) պատասխանել, թե արդյո՞ք քննությամբ պարզվել է, թե որքանով է վերը թվարկված գնումների ավարտական ակտերում գրանցված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը.

բ) տրամադրել վերը նշված գնումների մասով նախաձեռնված վարույթները կարճելու մասին որոշումները:

Մայիսի 5-ին ԻՔՄ-ի հայցը բավարավել է մասնակի, պարտավորեցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին պատասխանել կազմակերպության խորհրդատվական ՀԿ-ի 21.04.2025 թվականի թիվ Հ-Ռ-3054 հարցմանը՝ տրամադրելով դրանով պահանջված տեղեկությունները (փաստաթղթերը), հարցման 1-ին կետի մասով:

Բողոքը վարչական վերաքննիչ դատարանի վարույթում է (նախագահող՝ Հայկ Խաչատրյան,  դատավորներ՝ Ռաֆիկ Խանդանյան, Գևորգ Սոսյան)։ Որոշվել էր քննել գրավոր ընթացակարգով, դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930