Կրեմլի կայքում աշխարհի վերջին առաջնորդներից մեկը, որին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիմ Չեն Ընն է։ Մարտի 22-ին նա նորից նշանակվեց պետական գործերի նախագահ, որը երկրի առաջնորդն է։ Նրան շնորհավորեց Վլադիմիր Պուտինը՝ նշելով` «բնականաբար շարունակելու են սերտ համագործակցությունը՝ Մոսկվայի և Փհենյանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար»։
Ապրիլին Պուտինը շնորհավորել է նաև Վիետնամի և Իրաքի առաջնորդներին ընտրվելու կապակցությամբ:
Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող հաջորդ երկիրը, որտեղ մարտի 22-ից հետո ընտրություններ են եղել, Հայաստանն է։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինը այդպես էլ չշնորհավորեց:
Ավելին, ռուսական մամուլն ու քաղաքական վերնախավը արտառոց հետաքրքրություն (համենայն դեպս նախորդ համապետական ընտրություններից որևէ մեկին այդպիսի արձագանք չէր եղել) ցուցաբերեց, հատկապես մտահոգվելով՝ արդյո՞ք անցկացվեցին ժողովրդավարական, ազատ ու արդար ընտրություններ:
Կարդացեք նաև
Ո՛չ բարեկամ երկրների, ո՛չ միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս ժողովրդավարության պաշտպանության դիրքերից ավանդաբար հանդես չեկող Մոսկվայի՝ ընտրությունների՝ արդար լինել / չլինելու վերաբերյալ հնչեցված մտահոգությունները, մեղմ ասած, անսովոր էին: Սակայն ամեն ինչ անգամ տարակուսելի էր հատկապես միջազգային հեղինակավոր պարբերականների հրապարակումների ֆոնին, որոնք, հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրներին, պնդում էին, որ Ռուսաստանը ընտրություններից առաջ Հայաստանում գաղտնի ազդեցության գործողություններ է իրականացրել՝ ՔՊ-ի վարկանիշը գցելու ու ռուսամետ թեկնածուներին աջակցելու համար: Ստացվում է, որ ՌԴ-ն մի կողմից ցանկանում է պաշտպանել հայաստանյան ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից ձեռքից եկածն է անում այդ գործընթացների վրա ազդելու համար։ Հաշվի առնելով Հայաստանում անգամ անզեն աչքով նկատված FIMI-ի (Foreign Information Manipulation and Interference՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն) արտահայտումները՝ պատճառ չկա կարծելու, թե Reuters-ն էր տարածում կեղծ տեղեկություն՝ հղելով հետախուզական ծառայություններին։
Հիմա հերթով ուսումնասիրենք՝ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչպես արձագանքեց ընտրություններին։
Առաջիններից մեկը, որ խոսեց ընտրությունների մասին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էր. ընտրությունների հաջորդ օրը նա ասաց, որ վերջնական արդյունքներին են սպասում, իսկ ևս մեկ օր անց հայտարարեց, որ ընտրությունների գործընթացում «բազմաթիվ անհասկանալի պահեր կային» և Մոսկվան «բազմաթիվ հաղորդումներ է տեսել խախտումների մասին»։
Ընտրությունների հենց հաջորդ օրը թեման չշրջանցեց նաև Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե «ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում»:
Մեկ այլ պաշտոնյա, որը ևս տեսակետ ուներ Հայաստանի ընտրությունների մասին Կոնստանտին Կոսաչևն էր՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակը։ Ըստ նրա՝ «Հայաստանում ընտրությունների արդյունքները ավելի շատ վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության, քան հաղթանակի մասին», քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հասել ընտրողների ձայների մաքուր 50%-ին։
Իր հերթին Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին մտահոգված էր Հայաստանի «խոսքի ազատության մակարդակով»։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը ընտրություններում՝ ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, անկասկած հարցեր է առաջացնում խոսքի ազատության առումով։ Արդյունքների մանիպուլյացիայի հնարավորությունը, մեղմ ասած, ամոթալի է», – ասել էր նա։
«Ինչպե՞ս արձագանքել հայաստանյան ընտրություններին» հարցի շուրջ սեփական բանաձևն է առաջարկել Պետական դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, որը այդ թեմայով ծավալուն հարցազրույց է տվել Московский комсомолец-ին է արդեն հունիսի 17-ին։
«Իմ կարծիքով, սա է այն դիրքորոշումը, որը մենք պետք է ընդունենք։ Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ, սակայն քանի որ մենք դաշինքների մեջ ենք Հայաստանի հետ և ավանդաբար զարգացրել ենք կապեր, մենք կշարունակենք աշխատել նրանց հետ», – ասել է Զատուլինը։
Զատուլինը մեկ այլ հարցում նույնքան վստահ դիրքորոշում չուներ՝ պե՞տք է արդյոք վերացնել հայկական ապրանքների արգելքը դեպի ռուսական շուկա. «Եթե մենք չենք ուզում ընդունել, որ այս սահմանափակումները օգտագործել ենք բացառապես որպես զենք ընտրարշավի ժամանակ, ապա դրանք պետք է մնան», – ասել է նա։
Ռուսական մամուլն իր հերթին ակտիվ քննարկում է թեման, թե ու՞ր կմեկնի Փաշինյանը որպես առաջին այց վերընտրվելուց հետո։
Այս հարցման ինտրիգը ստեղծել է հենց Փաշինյանը. Մարտունիում քարոզարշավի ժամանակ նա ասել էր, որ երբ Ռուսաստանի նախագահը «հունիսի 1-ին զանգահարել էր իր ծնունդը շնորհավորելու, պայմանավորվել են, որ ընտրություններից հետո հանդիպում կունենան»։
Ընտրություններից օրեր անց արդեն Կառավարության ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հստակեցրեց, որ Մոսկվա կգնա «երբ հրավեր լինի և չի մերժի այն»։
Ընտրություններից մեկ ամիս անց՝ հունիսի 6-ին Փաշինյանը Ռուսաստան մեկնեց, սակայն ո՛չ Մոսկվա, և ո՛չ Պուտինի հետ հանդիպման։
Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին աշխատանքային այցով Եկատերինբուրգ էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Հանդիպման հրապարակային մասում նա ասաց՝ «ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները պետք է գործեն»՝ հիշեցնելով, որ «մի շարք խնդիրներ են ի հայտ եկել» հայ-ռուսական հարաբերություններում:
Ընտրություններից հետո Փաշինյանին առաջին անգամ հանդիպած Միշուստինը ևս չշնորհավորեց Հայաստանի վարչապետին։
Այս իրավիճակը, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, բոլորովին զարմանալի չէ, ավելին՝ նորմալ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն վաղուց կա։
Կիրակոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ նախընտրական շրջանում տարածված ռուսական մտահոգություններին, դրանից գլխավորը «Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ընթացքն» էր։
«Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ» թեման ռուսական կողմից բացի իր հերթին սրվել է նաև Երևանում, կարծում է Կիրակոսյանը, քանի որ «Քաղաքացիական պայմանագրին» պետք էր դեպի իրենց ուղղորդել եվրոպամետ ընտրողներին։ Բացի այդ, Երևանն այդպիսով արդեն այսօր վերսկսված Մոսկվայի հետ բանակցություններում սակարկելու տեղ է թողել։
Արդյո՞ք խորն է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը, դա հասկանալու համար կա մեկ ցուցիչ՝ գազի գինը, կարծում է քաղաքագետը․ «Որ պահին որ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը, դա կլինի ազդակ, որ հայ–ռուսական հարաբերություններում իրական ճգնաժամ կա», իսկ մինչ այդ, նրա կարծիքով, դրա նախանշանները չկան։
Հայաստանի ընտրություններից շաբաթներ անց ևս ռուսաստանցի պաշտոնյանները չեն հրաժարվել սպառնալիքների լեզվից (ինչպես հունիսի 26-ի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն էր), բայց, դատելով նրանց հռետորաբանությունից, գնդակն ուղարկել են Հայաստանի դաշտ։
Իրազեկ քաղաքացիների միավորում


















































