Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար

Ապրիլ 21,2026 23:50 Share

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրավաբանների, հոգևորականների և մտավորականների։

Խորհրդաժողովի նպատակը Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների համապարփակ գնահատումն էր շարունակվող ազգային մարտահրավերների և փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, միաժամանակ ընդգծելով համահայկական միասնական օրակարգի շուրջ համակարգված զորաշարժի անհրաժեշտությունը։

Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ։ Ամեն անցնող օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգալի վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերին այնպիսի չափով, որ եթե նա շարունակի պաշտոնավարել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ապա հայրենիքի գոյությունը կարող է հայտնվել մեծ վտանգի տակ։ Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար, որը կպաշտպանի երկրի ազգային շահերը բոլոր կողմերից եկող արտաքին միջամտություններից՝ Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից։

Հայերը, որոնք այս վճռորոշ պահին անտեսում են հայրենիքի տհաճ իրավիճակը և ձեռքները ծալած նստում, նպաստում են նրա անկմանը։ Անկախ բնակության վայրից, յուրաքանչյուր հայ ունի սուրբ  պարտականություն՝ պաշտպանելու Հայաստանը նրա թշնամիներից՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսպիսի անտարբերությունը հնարավորություն է տալիս շարունակելու այն քաղաքականությունը, որին մեծամասնությունը դեմ է: Յուրաքանչյուր գրանցված հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականություն մասնակցելու ընտրություններին և քվեարկելու հունիսի 7-ին: Նույնիսկ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պետք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քվեարկությանը:

Քարոզարշավի ռազմավարության տեսանկյունից ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն ընտրողների վրա, որոնք նախատեսում են չմասնակցել ընտրություններին, այլ ոչ թե ժամանակն ու ռեսուրսները վատնեն Փաշինյանի նվազող աջակիցներին համոզելու վրա։ Նրա հետևորդները շարունակելու են աջակցել նրան, քանի որ իրենց ապրուստը կախված է նրանից, նրանք կամ պետական ​​​​ծառայողներ են, որոնք ստանում են մեծ պարգևավճարներ, կամ օգտվում են մենաշնորհային բիզնես արտոնություններից։

Քաղաքական իրավիճակի հրատապության պայմաններում Փարիզի խորհրդաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն։ Մասնակիցների մեծ մասը, որոնք որևէ կուսակցության հետ կապ չունեին, համատեղ արձանագրեցին Հայաստանի առջև ծառացած վտանգները և պարտավորվեցին տուն վերադառնալուն պես ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց համայնքների անդամներին զորաշարժելու նպատակով։ Հատկանշական է, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը։

Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը մասնակիցներին դիմեց տեսաուղերձով: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար և Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անձամբ ելույթ ունեցավ խորհրդաժողովում:

Խորհրդաժողովում 19 բանախոսներ ելութ ունեցան չորս պանելային քննարկումներում․

  1. Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման մեջ. ո՞րն է Սփյուռքի քաղաքական օրակարգը։
  2. Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարևորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար․նոր իրավիճակի մարտահրավերները։
  3. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ։
  4. Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համազգային նպատակների։

Որպես խորհրդաժողովի բանախոսներից մեկը՝ իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները Սփյուռքը լիարժեք չեն օգտագործել որպես թանկարժեք ռեսուրս։ Փաշինյանի վարչակազմի կողմից Սփյուռքի նախարարության փակվելուց հետո Սփյուռք-Հայաստան հարաբերությունները հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ Հայաստանի անկախությունից ի վեր։ Փաշինյանը հաճախ  նսեմացնում և հակադրում է Սփյուռքին, այդպիսով իր կառավարությանը հեռացնելով Սփյուռքի մտահոգություններից։

Փաշինյանի տեսակետներն ու դիրքորոշումները էականորեն շեղվում են հայկական արժեքներից և առաջնահերթություններից։ Նա բացահայտորեն քննադատել է ազգային խորհրդանշանները՝ Արարատ լեռը, պետական զինանշանը և ազգային օրհներգը։ Վերանվանելով «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմության»՝ նա փոքրrացրել է հայկական ինքնության պատմական ընդգրկումը։ Փաշինյանը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իսկությունը, իսկ կրծքին կրում է «Իրական Հայաստանի» քարտեզը՝ փորձելով մոռացության մատնել պատմական Հայաստանը։

Անվտանգության և ինքնիշխանության հարցերում՝ Փաշինյանը հանձնել է Արցախը Ադրբեջանին, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության 220 քառակուսի կիլոմետր տարածքից՝ հօգուտ Ադրբեջանի, Արցախի հարցը համարում է փակված, մինչդեռ Արցախի ղեկավարները շարունակում են մնալ Բաքվի բանտում, և կազմել է սև ցուցակ այն սփյուռքահայերի, որոնք պարզապես նրա քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով զրկվել են Հայաստան այցելելու իրավունքից։

Բացի այդ, նա ձեռնարկել է առճակատման քայլեր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ներառյալ բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է պաշտոնական համաժողով կազմակերպելու ծրագրերի մասին՝ բացառապես «Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների» համար։

Եզրափակելով իմ ելույթը՝ առաջարկեցի մեխանիզմ, որը կկարողանա միավորել միլիոնավոր սփյուռքահայերի մեկ միասնական կառույցի մեջ՝ ձևավորելով սփյուռքահայերի Խորհրդարան, որը կընտրվի Սփյուռքի տարբեր համայնքների անդամների կողմից։

Խորհրդաժողովի ավարտին, ի զարմանս ինձ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ինձ հանձնեց Արցախի Հանրապետության շնորհակալագիր, որտեղ նշված էր. «Խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման գործում ներդրած մեծ ավանդի համար»:

Պատիվ էր ճանաչումը, սակայն ավելի կարևոր է այն պատասխանատվությունը, որ կիսում են աշխարհասփյուռ հայերը՝ վճռականորեն գործելու այս առանցքային պահին։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930