Վերլուծաբան, հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Խոսելու եմ մի բանի մասին, որը խոցում է մեզանից յուրաքանչյուրի հոգին.
Արցախում՝ մեր նախնիների սրբազան հողում, ադրբեջանցիների կողմից հայկական հոգևոր ժառանգության դաժան ու անողոք ոչնչացման մասին:
Մենք ականատես ենք լինում պատմության ամոթալի էջին, որտեղ փորձում են ջնջել հայ ժողովրդի հազարամյա հետքը՝ ոչնչացնելով մեր սրբությունները:
2023 թվականի սեպտեմբերից ադրբեջանական իշխանությունները, հաստատվելով Արցախում, սկսել են մեր մշակութային կոթողների համակարգված ոչնչացումը: Այս ողջ ընթացքում հողին են հավասարեցվել հարյուրավոր մշակութային հուշարձաններ, հուշահամալիրներ, խաչքարեր և տասնյակ այլ սրբավայրեր, եկեղեցիներ, որոնք այլևս գոյություն չունեն:
Կարդացեք նաև
Սա վանդալիզմի առանձին դեպք չէ, սա պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն է, որն ուղեկցվում է պատմության կեղծմամբ: Միջազգային կազմակերպությունները, ցավոք, լռում են, ինչը խրախուսում է այս հանցագործությունների շարունակությունը:
Բայց, սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ ձեզ մի պարզ ճշմարտություն. քարերը կարող են ոչնչացվել, բայց հավատը, հիշողությունն ու հայկական ոգին երբեք չեն մարի:
Ամեն ավերված եկեղեցի, ամեն տապալված խաչքար մեր աչքերում դառնում է նոր վկայություն մեր պատմության ճշմարտացիության մասին:
Մեր պարտքն է շարունակել բարձրաձայնել, փաստեր հավաքել, դիմել միջազգային դատարաններին և պահանջել վերջ դնել մշակութային ցեղասպանությանը: Թող ոչ ոք չմտածի, թե ավերելով մեր եկեղեցիները՝ կարող է ոչնչացնել մեր հավատը. ընդհակառակը, յուրաքանչյուր ավերված քար նոր վկայություն է հայ ժողովրդի անմահության:
Մենք վերապրել ենք պատմության ամենադժվար փորձությունները: Մենք վերապրել ենք Մեծ եղեռնը, բազմաթիվ պատերազմներ, և այս անգամ էլ մեր հոգևոր արժեքների ոչնչացումը մեզ չի կոտրի, այլ միայն կամրացնի: Մենք կշարունակենք մեր պայքարը խաղաղ, բայց վճռական ճանապարհով:
Վերջում ուզում եմ ասել. հավատացե՛ք մեր ուժերին, հավատացե՛ք մեր արդար գործին: Քանի դեռ կա մի հայ, ով հիշում է իր արմատները, քանի դեռ մեր սրտերում կրում ենք մեր նախնիների հավատը, Արցախի հայկական ոգին հավերժ է: Այո, այսօր դաժանաբար ավերվում են մեր սրբավայրերը,բայց վաղը մենք նորից վերականգնելու ենք մեր նախնիներից ստացած պատմական ժառանգությունը: Քանի որ մենք հայ ենք, և մենք անպարտելի ենք մեր հավատով ու միասնությամբ։



















































