Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ եղավ նաև պետական բյուջեի միջոցներով վերանորոգված թիվ 41 դպրոցում։
Դպրոցի բակում բազում մարդիկ էին հավաքված, ամենայն հավանականությամբ՝ ուսուցիչներ, ծնողներ։ Տարեց մի կին, նրան տեսնելով, պինդ գրկախառնվեց ու բացականչեց․ «Ես քո ջանիդ մեռնիմ, Փաշինյան ջան, վարչապետ ջան։ Թևերդ փռել ես Հայաստան աշխարհի վրա, մեռնիմ ջանիդ»։
«Շնորհակալ եմ, մայրիկ ջան»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, մայրիկը շարունակեց․ «Վարչապետ ջան, ապրիս, ապրիս»։
Տարեց կնոջը հաջորդեց մեկ այլ կին՝ համեմատաբար երիտասարդ․ «Պարոն Փաշինյան ջան, ինչպե՞ս եք, թույլ կտա՞ք գրկեմ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը դպրոցի խոհանոց մտավ՝ բախիլներ ու խալաթ հագնելով։ Նրան զեկուցեցին, որ դպրոցը հիմնական է․ 1-9-րդ դասարանների երեխաներ են հաճախում, սեպտեմբերից տաք սնունդ և տաք ճաշ կտան դպրոցականներին։
Փաշինյանը գոհ էր վերակառուցումից։ Նա տեղեկացավ, որ դպրոցը բավական մեծ է՝ 710 աշակերտ են սովորում, ընդ որում՝ մի հերթով են դասի գալիս։
Փաշինյանը, էկրանին տեսնելով դպրոցի հին ու նոր նկարները, ասաց, որ առաջվա դպրոցներից էլ չեն ունենալու, այսինքն՝ ժամանակ են սահմանելու ու նոր չափորոշիչներով դպրոցները հիմնանորոգելու են։
«Շատ լավ է, իհարկե, ուսուցիչները պետք է հանգստի սենյակ ունենան»,- ասաց վարչապետը՝ լինելով դպրոցի տարբեր սենյակներում, սպորտդահլիճում, գրադարանում, դահլիճում։
Նա ամբողջ ընթացքում հետաքրքրվում էր, թե ով էր կառուցել դպրոցը, ու այդ հարցի պատասխանը այդպես էլ չէր ստանում։
Փաշինյանը հավանեց դպրոցի նախագիծը, գոհ հեռացավ։
Խոսք գնաց նաև Անի թաղամասի փողոցներից, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն ասաց․ «Մնացին միայն մեր թաղամասի փողոցները», ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Չի մնա»։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը միջամտեց՝ տեղեկացնելով, որ Անի և Ավստրիական թաղամասերի փողոցների նախագծման մրցույթն արդեն տեղի է ունեցել։ Այդ թաղամասերը, ըստ մարզպետի, երկար ժամանակ է այդ վիճակում, լուծում է ստանում կամաց-կամաց։
Վարչապետի հարցին պատասխանելով՝ Դավիթ Առուշանյանն ասաց, որ շինարարությունը մյուս տարի նոր կսկսվի։
Հեռանալուց առաջ բնակիչները տարբեր հարցերով մոտեցան Փաշինյանին։ Բնակիչներից մեկը ասաց, որ իր հարցը քաղաքական է, ու հարցրեց՝ ե՞րբ է Հայաստանի ժողովուրդն ազատվելու աղբակույտերից, որին Փաշինյանը ժպտալով պատասխանեց․ «Հունիսի 7-ին»։ «Զզվանք»,- շարունակեց տղամարդը։
«Համաձայն եմ, որ զզվանք է, կոնկրետ օր եմ ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհի հարցը պարզ է, չէ՞, ընթացքի մեջ է, կլինի՝ Անի ու Ավստրիական թաղամասերը իրար հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հեռանալով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































