Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ովքեր իրականացնում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախագիծը, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է». Փաշինյան

Ապրիլ 22,2026 22:33 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզից: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզում, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 371 մլն 137 հազար դրամ: Վերակառուցված մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։

Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը և իրականացվել է տարածքի բարեկարգում։

Ալագյազ համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալագյազ բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի նորակառույց շենքի շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 912 մլն 767 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 11 մլն 559 հազար դրամ, մյուս մասը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մեկհարկանի 1290 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենք, բարեկարգվել է բակը, տեղադրվել է 21 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Աշտարակ համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-1-25,/Մ-3/ (Աշտարակ) – Փարպի – Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն դրամ:

Աշտարակ համայնքում երկրի ղեկավարն այցելել է նաև Արագածոտն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված 10 հա ինտենսիվ այգի, որտեղ աճեցվում է դեղձ և կեռաս: Այգու հիմնումն իրականացվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագրի աջակցությամբ:

Պետության կողմից մասնավորին փոխհատուցվել է 120 մլն 417 հազար դրամ: ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել շուրջ 324 մլն 908 հազար դրամ ընդհանուր արժեքով գյուղատնտեսական տեխնիկա: Սուբսիդավորված գումարի չափը կազմել է 94 մլն 757 հազար դրամ:

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Թալին համայնքում, որտեղ կառուցվել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 462 մլն 750 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Թալին համայնքի Արագածավան բնակավայրն ունի նորակառույց դպրոց՝ նախատեսված 432 աշակերտի համար։

Դպրոցում վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին կրթական հաստատության կառուցման առիթով, արձանագրել, որ դպրոցներ այցելությունները դառնում են էներգիայի վերականգնման ուղղություն, որովհետև շինարարության և ընդհանուր աշխատանքի որակի հետ կապված անընդհատ առաջընթաց է նկատվում:

«Այս մասով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ովքեր իրականացնում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախագիծը, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ սա մեգա նախագիծ է և այն լինելու է շարունակական:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ ինչպես բոլոր նման առիթներով, ցանկանում է կրկին ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ «Ես նորից ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամենուր վերջերս խոսում ենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկղային կտրոն: Շատ կարևոր է, որ այս ընկալումն այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ ամրապնդվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ չնայած երեխաների կրթության համար ապահովվում է ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ, նաև կարևոր է որակյալ կրթության ապահովումը և այս համատեքստում քաջալերել ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հաջորդիվ մշակվել է բանաձև, որով արդեն ատեստավորված ուսուցիչները նոր ատեստավորման հնարավորություն կունենան և նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի. «Մենք շարունակաբար քաջալերում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որ գնան և վերցնեն, պարզեն իրենք ձեռքը և վերցնեն Կառավարության կողմից բարձրացված աշխատավարձերը»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ կրթության կարևորությունը և նշել. «Հետևաբար՝ «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևն ամբողջությամբ կենտրոնացած է այս դպրոցում և նմանատիպ դպրոցներում և ընդհանրապես՝ մեր կրթական համակարգում»։

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Շիրակի մարզ: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի 9 հա ելակի և 14 հա հատապտղի ջերմատանը։ Այն ևս մասնավորի կողմից հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 20 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 սարքավորում՝ ինքնագնաց ավտոմատ սրսկիչ, ինքնագնաց ջերմոցային պլատֆորմ բույսերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով բույսերի պաշտպանության համար։ Կառավարության կողմից սուբսիդավորված գումարի չափը կազմել է 600 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման նպատակով կիրառվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը։ Ծրագրի վարկային բաղադրիչով ներգրավվել է 25 մլն դրամ վարկային միջոց։ Սուբսիդավորված գումարի չափը կազմել է շուրջ 16 մլն 742 հազար դրամ։

Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Ախուրյան բնակավայրի Երիտասարդական կենտրոն, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 26 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է արժեքի 65,2 %՝ 16 մլն 947 հազար դրամ: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների ցանկում: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 230 քմ մակերեսով տարածք, կահավորվել՝ գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվել են առնվազն 246 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից սկսած ապրիլի 15-ի դրությամբ գրանցվել են 2284 այցելուներ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրի համայնքի թիվ 41 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 543 մլն 672 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրի համայնքն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 710 աշակերտի համար։

Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար: Այս համատեքստում, վարչապետն անդրադարձել է այն քննարկումներին, որ նման դպրոցների բացումը նպաստում է գյուղերի դատարկմանը: Հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հենց գյուղերի դատարկման խնդիրը լուծելուն է ուղղված նման կրթահամալիրների բացումը, քանի որ դրանք ապահովում են երեխաների՝ պատշաճ ֆիզիկական միջավայրում ժամանակակից կրթություն ստանալու հնարավորություն. «Կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, նորմալ ճաշարան, նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր: Կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է: Սա մեր մոտեցումն է»:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև աշակերտների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների մատուցման կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հարցին, ընդգծել, որ Կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում:

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, ես համոզված եմ, որ դպրոցը ձեզ դուր կգա: Այստեղ կրթական միջավայր է, այստեղ մարզական միջավայր է, այստեղ ստեղծագործական միջավայր է: Տեսեք, դուք բասկետբոլի շատ լավ հրապարակ ունեք, վոլեյբոլի հրապարակ ունեք, ֆուտբոլի շատ լավ դաշտ ունեք, հեծանիվներ ունեք, թենիսի սեղան ունեք, գնդակներ ունեք, լաբորատոր սարքեր ունեք և լավ ուսուցիչներ ունեք: Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար»։

Այս կրթահամալիրում ելույթի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ են կառուցվում նման դպրոցներ:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ լավ կյանք այս դպրոցում, որովհետև այս դպրոցն ապրելու տեղ է, կյանքի տեղ է, իսկ կյանքի անբաժանելի ուղեկիցը սովորելն է: Ինչքան ապրում ենք և մեր կյանքը զուգորդում, զուգակցում սովորելով, այնքան մեր կյանքն ավելի լավն է դառնում որպես անհատ, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի»։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930