Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար մրցակցության կողմնակից չի եղել, խառնակչությունն է իր էությունը». Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ապրիլ 23,2026 16:57 Share

«Ես իմ որոշումով՝ ցուցակում հետին տեղի վրա եմ հենց այն պնդումով՝ նախ հանրությանը և մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղերք, սա մանդատի կռիվ չէ․ կամ իշխանությունը փոփոխվում է, և վերադառնում ենք արժանապատիվ, անվտանգ Հայաստանի հայեցակարգի կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Նկատի ունեմ ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որ չեն կարողանում իրար հետ լեզու գտնել»,-«Հայաստան» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի 29-րդ հորիզոնականում գտնվող «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա հայտնեց, որ 213 անձ է ընդգրկված «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում՝ 72 կին, 141 տղամարդ։ Հարցին՝ մեծ հույսե՞ր ունեք, որ այսպիսի ընդգրկուն ցուցակով եք մասնակցում ընտրություններին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Սա քաղաքական հայտ ներկայացնելու՝ մեր հայրենակիցների, համակիրների իրավունքն է, որ ուզում են քաղաքականությամբ զբաղվել։ Իհարկե, հաղթելու ակնկալիքով ենք մասնակցում»։

Հարցին՝ նախորդ անգամվա վստահությա՞մբ եք գնում ընտրությունների, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց․ «Չգիտեմ՝ ինչը նկատի ունեք, բայց մենք վստահ գնում ենք բոլոր ընտրություններին»։ Հարցին՝ որ այս անգամ էլ չհաղթեք, էլի կմնա՞ք ընդդիմադիր խմբակցությունում, թե մանդատները վայր կդնեք, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Ընտրություններից հետո է որոշվելու՝ ինչ իրավիճակ է ստեղծվում։ Դա որոշվելու է քաղաքական ներկայացվածությամբ։ Այս պահին նման հարցի անդրադառնալը համարում եմ ժամանակավրեպ»։

Նա ասաց, որ սահմանադրական մեծամասնության հույս ունեն, մտադիր են ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը․ «Ընդդիմադիր դաշտը պետք է գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»։ Փաստմանը՝ բայց ձեր ուժի հետ համախմբումը մյուս ընդդիմադիր ուժերը մերժում են, նա այսպես արձագանքեց․ «Չեմ ուզում անդրադառնալ ընդդիմադիր գործընկերների անհաջող ձևակերպումներին։ Պետք է կենտրոնանանք այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ։ Մենք գնում ենք մեծամասնության ձայն ստանալու ակնկալիքով։ Եթե չի հաջողվի ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորությունից։ Ընդդիմադիր դաշտում փոքր-մոքր կծմծոցները, իշխանությունների՝ հրահրող վարքագիծը ընդամենը խոսում են այն մասին, որ ընդդիմադիր դաշտը՝ ի դեմս առաջատարների շատ ուժեղ է։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Մեր ժողովուրդն իր միասնականությամբ կարող է դա անել՝ երկրում հաստատել արժանապատվության, անվտանգության լիարժեք իրավիճակ»։

Հարցին՝ Փաշինյանի օգտագործած նախկին բառի իմաստը հնարավոր կլինի՞ փոխել այս ընտրություններով, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա՞․ իրենց խմբակցությունում, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանի գնահատականները, ածականներ կպցնելը շարունակաբար այս վարքագիծը տանելը մի նպատակ ունի՝ ամեն գնով վերարտադրվել։ Այս մարդն անընդհատ ու ամեն վայրկյան փորձում է պիտակավորել․ արդար մրցակցության կողմնակից չի եղել, խառնակչությունն է իր էությունը։ Այս ընտրություններում էլ է խառնակչությամբ զբաղված։ Երբ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա»։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930