«Մենք մշտապես աշխարհից պահանջել ենք ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, որի հիմքում դրված է եղել հայ ազգի վերացումը։ Ու տասնյակ երկրներ ճանաչել են։ Ամեն մի նորմալ ազգի ղեկավար կամ ներկայացուցիչ այդ իրադարձությունները մինչ օրս էլ դատապարտում է ու մինչեւ օրս էլ Թուրքիայի ղեկավարներին ստիպում է, որ ճանաչեն։
Արցախը, որ Մայր Հայաստանի տարածքային մաս էր կազմում, արցախահայությունը՝ հայ ժողովրդի մի մաս, 2023 թվականի սեպտեմբերին նորից անցավ ցեղասպանության ճանապարհով։ Բայց այս անգամ ներկա իշխանության բացթողումների, որոշումների պատճառով։ Արցախի հայությունը մի կերպ փրկվեց նոր ցեղասպանությունից։ Տեղափոխվեցինք Հայաստան։ Ու Մայր Հայաստանում մեզ նվաստացնելով շարունակական նույն պրոցեսներն են իրականացվում։
ՄԵնք այսօր այնպիսի պատմական հարեւանների հետ ենք ապրում, որոնց ծրագիրը հայ ժողովրդին վերացնելն է։ Պատմական թշնամու հետ խաղաղություն չի լինում, չի լինելու։ Դա իմ, ձեր ցանկությունը չէ։ Դուք ինչքան էլ խաղաղության մասին խոսեք, խնդրեք, ողորմաք, նրանք հայ ազգի վերացման ծրագիր ունեն։ Հենց գալիս է պահը, որ այդ հնարավորությունն ունենում են, միանգամից օգտագործում են։
Մենք ապրիլի 24-ին գնում ենք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այսօրվա կառավարությունը հաջորդ իսկ օրը փնթի փարթի է կազմակերպում, երբ դեռ տարբեր երկրներից ու ժողովուրդներից շարունակվում են ցավակցությունները, աջակցությունը, որ պետք է դատապարտել Ցեղասպանությունը, դրա կազմակերպիչներին պատժել, որ նույն բանը ուրիշ ազգերի հետ չկատարվի»,- ասաց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում։
Կարդացեք նաև
Իշխանությունների՝ խաղաղության մասին հայտարարությունների եւ դրանց ի պատասխան ադրբեջանցիների իրական պահվածքի մասին խոսելով, Անաստաս Իսրայելյանը զայրույթով հայտարարեց. «Մոտակա ժամանակները նկարները ցույց կտամ։ Թուրքական սրիկաները իմ գյուղում իմ հոր, իմ մոր գերեզմանի վրա նստած՝ ոտքով քանդելով, ջարդուփշուր անելով իմ ծնողների գերեզմանը ծաղրում, նվաստացնում են։ Սա՞ է ձեր բերած խաղաղությունը։ Դուք պատասխան եք տալու բոլոր այս գործողությունների համար»,-ասաց արցախցի հասարակական գործիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































