Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործով կաշառք ստանալու համար մեղադրվող Գեղամ Զաքարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության քննությունը։
Փաստաբան Ռոման Երիցյանի տեղեկացմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է քննիչի միջնորդությունը բավարարել մասնակի եւ Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում սահմանափակելով նաեւ նրա շփվելու իրավունքը բոլոր անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների։
«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ստացել եմ միայն քաղվածքը, բայց միայն որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունը բավարար է դատարանի որոշումը որակելու որպես ակնհայտ անհիմն, ապօրինի եւ անօրինական։ Ինչո՞ւ, որովհետեւ դատարան է ներկայացվել մի այնպիսի միջնորդություն, որն առհասարակ պետք է մերժվեր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ ըստ ձայնագրությունների՝ Գեղամ Զաքարյանն իբրեւ թե ընտրակաշառքի դիմաց տվել է իր եւ իր ընտանիքի անդամների ձայնը «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին տալու խոստում։ Այն դեպքում, երբ պարզվել է, որ Գեղամ Զաքարյանի ընտանիքի անդամներից 4-ը, այսինքն՝ բացի իրենից մնացածը, անգամ ՀՀ քաղաքացիություն չունեն եւ օժտված չեն պասիվ ընտրելու իրավունքով։ Անգամ չեն էլ դիմել ՀՀ քաղաքացիության համար, հանդիսանում են Արցախի քաղաքացիներ եւ այս պահին ընտրելու իրավունք չունեն, ընտրություններին չեն կարող մասնակցել։ Նման պայմաններում դատարանը հիմնավոր կասկածի գոյությունը համարել է հաստատված»,- ասաց Ռոման Երիցյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































