Այս տարի Եվրոպական միությունը փոխում է իր սահմանների կառավարման ընթացակարգերը՝ ներդնելով երկու նոր համակարգ՝ Մուտքի/ելքի համակարգը (EES) եւ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության եւ թույլտվության համակարգը (ETIAS):
EES-ը 2026 թվականի ապրիլի 10-ից լիարժեք գործում է Շենգենյան գոտու բոլոր երկրներում։ ETIAS-ի գործարկումը նախատեսված է 2026 թվականի վերջին եռամսյակում։ Գործարկման ճշգրիտ ամսաթիվը պաշտոնապես կհայտարարվի այս տարվա վերջին։
Երկու համակարգերն էլ ուղղված են ԵՄ սահմանային ստուգումների ընթացակարգերի արդիականացմանն ու թվայնացմանը, սակայն դրանք տարբեր կերպ են ազդում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ճանապարհորդների վրա։
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինությունը հրապարակել է մանրամասն տեղեկատվություն եւ օրինակներ պարունակող հատուկ հոդված, որը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ճանապարհորդներին կօգնի հասկանալ, թե ինչով են միմյանցից տարբերվում EES-ը եւ ETIAS-ը, եւ ինչ պետք է անեն ճանապարհորդներն իրենց ճանապարհորդությունից առաջ եւ ընթացքում։
Կարդացեք նաև
EES-ը փոխում է սահմանային ընթացակարգերը ԵՄ անդամ չհանդիսացող բոլոր երկրների քաղաքացիների համար, ովքեր կարճաժամկետ այցի (մինչեւ 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում) նպատակով ճանապարհորդում են Շենգենյան գոտու մաս կազմող 29 եվրոպական երկրներ. արտաքին սահմաններին ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներն այժմ պարտավոր են գրանցել իրենց կենսաչափական տվյալները։
ETIAS-ը կփոխի դեպի Շենգենյան գոտի եւ Կիպրոս՝ ընդհանուր առմամբ 30 եվրոպական երկիր, վիզայից ազատված երկրների քաղաքացիների կարճաժամկետ այցելության ընթացակարգը։ Մինչեւ ճանապարհորդությունը սկսելը ճանապարհորդները պետք է ներկայացնեն ETIAS ճանապարհորդության թույլտվության համար առցանց դիմում՝ կա՛մ ETIAS-ի պաշտոնական կայքի, կա՛մ ETIAS բջջային հավելվածի միջոցով։ Սա կօգնի խուսափել խարդախության մեջ հմտացած երրորդ կողմ հանդիսացող հարթակներից, որոնք կարող են գանձել լրացուցիչ վճարներ կամ օգտագործել անձնական տվյալները։
EU NEIGHBOURS east


















































