Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին ընդառաջ՝ Մամուլի ազատության օրը Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպել է մամուլի, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսը։
«Թեեւ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում խնդիրներ եղել են միշտ, որեւէ տեղ եւ որեւէ իշխանություն չի սիրում լրատվամիջոցներին եւ լրագրողներին, բայց հատկապես վերջին 8 տարիներին Հայաստանում զանգվածային լրատվության միջոցները, մեծ թվով առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հետեւողական, համակարգային հարձակումների՝ սկսած շինծու քրեական գործերից ու ֆիզիկական սպառնալիքներից, մինչեւ սոցցանցային հարձակումներ, բարոյահոգեբանական տեռոր, անձնական ու խոսքի ազատության սահմանափակումներից մինչեւ լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ դատական հայցեր՝ ծանր ֆինանսական պարտավորությունների հետեւանքներով»,- իր ելույթում ասաց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա ընդգծեց նաեւ կառավարող ուժի ու նրա արբանյակ ուժերի կողմից գեներացվող ատելության խոսքը, հրապարակային հայհոյանքներն ու հասցեական վիրավորանքները, բռնության գործադրմամբ կալանավորումները եւ այլն։
«Ակնհայտ է՝ իրենց սանձարձակ՝ երկրի ղեկավարին եւ առհասարակ բարձրաստիճան պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են քաղաքական ղեկավարությունից, որոնց գործողությունները շատ հաճախ որեւէ հակազդեցության չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից։ Այդ մասին վկայող բավական խոսուն ապացույց է այն, որ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում էական վատթարացում է արձանագրել՝ 34-րդ տեղից նահանջելով 50-րդ»,- ասաց Սեյրանյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց, որ ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2026 թվականի զեկույցի՝ մեր մեդիադաշտը մնում է ծայրահեղ բեւեռացված, իսկ լրագրողները դառնում են ատելության խոսքի եւ քաղաքական ճնշումների թիրախ։
«Այս ցուցանիշների հետեւում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ հաշվեհարդարների տասնյակ փաստեր են, մեր գործընկերների դեմ հարուցված քրեական գործեր, դատավարություններ, ֆիզիկական բռնության սպառնալիքներ։ Միայն 2025 թվականի ընթացքում ավելի քան 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել․ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաեւ գումարային ահռելի պահանջ է ներկայացվել լրատվամիջոցներին։ Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են ավելի քան 66 700 հազար դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































