Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանիպուլյացիաներով արցախցիներին լռեցնում են, ասում են՝ այդ 30 տարին, որ ապրել եք Արցախում, ոչ թե երջանիկ կյանք էր, այլ քաղաքական պատանդառություն»

Մայիս 03,2026 16:01 Share

«Այսօրվա իմ խոսքում ուզում եմ անդրադառնալ այսպես կոչված խաղաղության գործընթացի նկատմամբ արցախցիների ունեցած վերաբերմունքին կամ ի՞նչ ենք առհասարակ մենք զգում այն ամենի շուրջ, ինչը կատարվել եւ կատարվում է եւ փոխկապակցել դա մարդու իրավունքների կամ խոսքի ազատության հետ։ Ի՞նչ ենք զգում այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին խոսելիս, առաջինը միանշանակ դավաճանվածությունն է։ Դավաճանություն ոչ թե իր հայրենիքում ապրելու ցանկությամբ պայքարած ժողովրդի նկատմամբ, այլ առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների նկատմամբ, որի մասին այս օրերին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ-շատ է խոսվելու։ Փառաբանվելու է նաեւ այն խաղաղությունը, որն, ըստ էության, ոչ թե արդարության կամ համամարդկային արժեքների վրա հիմնված արդարություն է, այլ էթնիկ զտման, ցեղասպանության, մշակութային արժեքների ոչնչացման ամրագրում է»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ արցախցիներին ասվում է՝ մոռացիր այն, ինչ եղել է, թե որտեղից ես եկել, ինչ կյանքով ես ապրել եւ հանկարծ չխոսես վերադարձի իրավունքի մասին, որովհետեւ դու դրանով խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։

«Եվ երբ փորձում ես հակադրվել դրան, հնչում են մեղադրանքներ։ Սրանից մի քայլ այն կողմ են գնում, ասում են՝ դու այդ 30 տարին, որ ապրել ես Արցախում, դա ոչ թե երջանիկ կյանք էր, այլ քաղաքական պատանդառություն էր, դու պարզապես չես հասկացել դա։ Այսինքն՝ այն երջանիկ, հպարտ ու արժանապատիվ կյանքը, որը դու ունեցել ես, դա պատնադառություն էր, եւ ուրախ եղիր, որ քո հայրենազրկման, քո հայրենիքի կործանման արդյունքում դու ազատություն ես ձեռք բերել։ Եվ ապրիր, վայելիր այդ ձեռք բերած ազատությունը, հանկարծ չմտածես խոսել վերադարձի մասին, որովհետեւ դու խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Այսինքն՝ երբ խոսում ես սրա մասին, ասում են՝ դրանով դու վտանգում ես մայր հայրենիքի անվտանգությունը։ Եվ ինչ-որ առումով նաեւ մարդկային դու սկսում ես ասել՝ լավ, ես չեմ ուզում խանգարել մայր հայրենիքի անվտանգությանը։ Եվ ինչ-որ առումով այս մանիպուլյացիաներով քեզ լռեցնում են կամ փորձում են լռեցնել»,- նշեց նա։

Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ տեսք ունի այս խաղաղությունը։ «Այն ունի պղծված եկեղեցիների եւ գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք։ Մենք իրավունք չունենք խոսելու, որ մեր հոգեւոր ժառանգությունը ոչնչացվում է, որովհետեւ դրանով էլի ենք խանգարելու խաղաղության գործընթացին։ Ոչ միայն պետք չէ խոսել, այլ հակառակը՝ ամեն գնով իշխանության մակարդակով արդարացվում է։ Վերջին օրինակը՝ Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման արդարացումը Արծվաշենի հետ բերված մանիպուլյատիվ եւ կեղծ անալոգիայի միջոցով։ Սա ոչ թե երեսպաշտություն է, այլ մի կողմ էլ այն կողմ է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այս օրերին Հայաստան այցելած եվրոպական պաշտոնյաներին ուզում է հարցնել, թե իրենցից որ մեկը կուզենար, որ իր երկրի նկատմամբ այ այսպիսի խաղաղություն կիրառվեր։ Ըստ նրա՝ երբ եվրոպացիներն այս հարցին պատասխանեն, երեսպաշտությունը ջրի երես դուրս կգա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031