ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությամբ քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Կարեն Դեմիրճյան մարզահամալիր, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Նրանք ԵՄ երկրների առաջնորդներին կոչ են անում չառաջնորդվել կրկնակի ստանդարտներով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի ձեւակերպմամբ, Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը փորձում են ընդդիմությանը ներկայացնել ռուսական ազդեցության գործակալ, իսկ իրենց՝ իբր արեւմտյան արժեքների ջատագով, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Կարդացեք նաև
«Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման, մասնավորապես CEPA-ի ամբողջ ծավալով իրականացման օգտին:
Մյուս խնդիրը վերաբերում է արցախահայությանը: Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման… Քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել արցախցիների անխոչընդոտ, հավաքական եւ անվտանգ վերադարձն իրենց հայրենք: Մենք Բաքվի բանտում ունենք բանտարկյալներ, պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն նրանց օր առաջ ազատ արձակելու ուղղությամբ, եւ իհարկե չենք կարող վայրկյան անգամ չմտածել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ չկա մի բան, որ Ալիեւն ասի, ու նույնը չկրկնի Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը Հայաստանում ունի իր դրածոյին եւ ենթակային, իր առաջ խոնարհվածին, Ադրբեջանի բոլոր պայմանները նա հլու-հնազանդ կատարում է:
Ալիեւը կարող է ասել՝ գնում է խաղաղության, բայց Ադրբեջանի պահանջները չեն ավարտվել: Ադրբեջանը Հայաստանը պահում է պատանդի վիճակում, ինչպես պատանդի վիճակում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մյուս գերիներին, Նիկոլի ասած մեր ինքնիշխան տարածքի բոլոր ստրատեգիական տարածքներում Ադրբեջանը նստած է: Ով էլ լիներ իր փոխարեն, կասեր՝ գնում է խաղաղության»,-ասաց Աղվան Վարդանյանը
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը նշեց, որ հարցեր ունեն ուղղված եվրոպացի առաջնորդներին, ուզում են հասկանալ՝ արդյոք նրանք իրենց սահմանած արժեքների կողքին են, թե կան երկակի չափանիշներ եւ առաջնորդվում են իրենց շահերով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































