Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչեցին ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական, գուսանական, Վ․ Խաչատրյանի հեղինակած և այլ երգեր, որոնք հիմնականում ուղեկցվում էին պարային կատարումներով

Մայիս 07,2026 12:44 Share

Մայիսի 5-ին Երևանում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» (ԳԴՄՄԿ) ՊՈԱԿ-ի (տնօրեն՝ Տիգրան Բալոյան) «Կանչ» և «Դեպի լույս» երգի համույթների կազմավորման 10-ամյա հոբելյանին նվիրված «Տեսնող սրտեր» խորագիրը կրող համերգը։

10 տարի առաջ երգչուհի Վարդուհի Խաչատրյանը Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում (տնօրեն՝ Սոնա Դավթյան) հիմնեց նշված համույթները։ Նույն կրթօջախում արդեն 10 տարի գործում են մանկական այդ համույթները՝ Վ․ Խաչատրյանի ղեկավարությամբ, և մեր շնորհալի երեխաներն այդ տարիների ընթացքում մեծ հաջողությունների են հասել ՀՀ և միջազգային մրցույթներում։

Համերգներով հանդես են եկել ՀՀ տարբեր մարզերում, Արցախում, հիմնականում՝ զորամասերում։ Մի քանի անգամ արտերկրում մասնակցել են միջազգային տարբեր մրցույթ-փառատոների և միշտ տուն վերադարձել գլխավոր մրցանակով։

Մինչ համերգի սկսվելը՝ եղավ լռության րոպե՝ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։

Համերգին ներկա էին Անմահ հերոսների, անհայտ կորածների հարազատներ, աշակերտներ, ծնողներ, ինչպես նաև՝ երգահան, ՀՀ ժող․ արտիստ, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը, որի երգերից նույնպես հնչեցին, բ․ գ․ դ․, պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ՀՀ ժող․ արտիստ Թովմաս Պողոսյանը։

 

Հատուկ հյուրերն էին Սոֆի Դևոյանը, որի ղեկավարած պարի դպրոցի սաները նույնպես ելույթ ունեցան, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Անդրանիկ սարկավագը, որոնք ևս ելույթ ունեցան երեխաների հետ և մեծ ոգևորություն պարգևեցին դահլիճին։

Սոֆի Դևոյանն իր խոսքում շնորհավորեց համույթների 10-ամյա հոբելյանի առթիվ, կարևորեց Վ․ Խաչատրյանի գործունեությունն ու նվիրումով աշխատանքը երեխաների հետ։

«Կանչ» և «Դեպի լույս» երգի համույթների հետ հանդես եկան նաև այլ մշակութային խմբեր՝ Սոֆի Դևոյանի պարի դպրոցը, ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ «Արցախ» ժողգործիքների համույթը, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Եղեգեն» խումբը, «Միլլենիում» պարի ստուդիան, Մարիոնետների թատրոն-ստուդիան, Ն․ Տիգրանյանի անվ․ թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային համույթը, Արտաշատի գեղարվեստական կենտրոնի «Հայեր» պարի համույթը, Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի փողային նվագախումբը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի քանոնահարուհիները և ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների խումբը։

Երեկոն վարեց Սոնա Վերդյանը։  Ընթացքում հնչեցին ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական, գուսանական, Վ․ Խաչատրյանի հեղինակած և այլ երգեր, որոնք հիմնականում ուղեկցվում էին պարային կատարումներով։ Յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում էր ոգևորությամբ ու ծափողջյուններով։

Վերջում Վ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնակից խմբերին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին՝ մեծ աջակցության համար։ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրինության ու ծնողական համայնքի կողմից գնահատանքի խոսք է ուղղվել Վ․ Խաչատրյանին․

«Տասը տարի շարունակ Ձեր նվիրումով, մասնագիտական վարպետությամբ ու անկեղծ սիրով ստեղծվել է մի աշխարհ, որտեղ հնչում են ոչ միայն երգեր, այլև հոգիներ։ Ձեր ղեկավարությամբ ձևավորվել է մի համերաշխ ընտանիք, որտեղ յուրաքանչյուր ձայն ունի իր կարևոր դերը, իսկ միասին ստեղծվում է ներդաշնակություն, որը հուզում է ու ոգեշնչում։ Այս տասնամյակը վկայում է Ձեր անսպառ աշխատանքի, հավատքի և մշակույթի հանդեպ խորին սիրո մասին։ Թող Ձեր ստեղծագործական ուղին շարունակի լցվել նոր հաջողություններով, վառ ձեռքբերումներով և հանդիսատեսի անկեղծ ծափերով։ Շնորհակալություն Ձեր կատարած արժեքավոր աշխատանքի համար։ Թող երգը միշտ ուղեկից լինի Ձեր ճանապարհին»։

Տարբեր անգամներ ներկա եմ եղել «Կանչ» և «Դեպի լույս» երգի համույթների համերգներին ու միշտ ոգևորվել եմ հիրավի դեպի լույս ձգտող մեր երեխաների կատարումներով ու հիացել նրանց գեղարվեստական ղեկավարի նվիրումով աշխատանքով։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031