Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իրավապահ մարմիններից գրավոր բացատրություն է պահանջել՝ հասկանալու արդյոք ո՞ր մարմինն է թերացել Վեդիում ենթադրյալ մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս աղջիկների գործով:
«Մենք իրենցից առնվազն հաղորդակցության արդյունքում մի փոքր այլ տեղեկատվություն ենք ստացել, ես գրավոր պարզաբանումներ եմ ուզել, որ հասկանանք՝ ընդհանուր առմամբ ինչպես են համադրվում ստացված տեղեկությունները: Դրա մասին միայն այդ ժամանակ հնարավորություն կունենամ խոսելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանասյանը:
Մանասյանը երեխաների նկատմամբ հատկապես սեռական բռնության կանխարգելման մեխանիզմների խնդիր է տեսնում. «Այն մարմինները, որոնք որեւէ դերակատարություն ունեն՝ խնամակալության, հոգաբարձության կամ այլ մարմիններ, դրանց արդյունավետությունը, որպես այդպիսին, մենք չենք տեսնում: Նաեւ հասցեավորման ընթացքում շատ մարմիններ չեն պատկերացնում այս գործերի քննության հիմնական առանձնահատկությունները: Հիմնական հարցն այն է, որ չնայած անհատական մակարդակում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք շատ լավ են աշխատում, բայց համակարգային տեսանկյունից սա շատ լուրջ համակարգային խնդիր է մնում»:
Մանասյանը լուրջ խնդիր է համարում, որ քննչական մարմինը անչափահասի նկատմամբ տեղի ունեցած սեռական բռնության դեպքը այլ գործերի նման է քննում. «Մարդկանց կանչել, տեսնել՝ ինչ տեղեկատվություն են տալիս, ասաց՝ դեպք է եղել, շարունակենք, չէ՝ չէ: Այլ գործերի պարագայում միգուցե սա պատշաճ կարող է լինել, բայց անչափահասի սեռական բռնության, այն էլ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ կապված, միանշանակ է, որ առանձնահատուկ պետք է լինի, ապացույցների համադրություն պետք է լինի: Բայց կրկնում եմ՝ ստանանք պաշտոնական տեղեկատվություն, այս դեպքով ավելի հստակ կխոսեմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությանը, որտեղ նկարագրվում էր երեխաների մտավոր խնդիրները, նախաքննական այլ տեղեկություններ, որոնք գաղտնի պետք է պահվեին, Մանասյանն ասաց. «Այստեղ կա խնդիր, միանշանակ պետք էր այլ տրամաբանությամբ լիներ՝ զգայունությունը պահելով եւ մի շարք այլ հանգամանքներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































