Վեդիում սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս քույրերը այսօր կեսօրից հետո գործի շրջանակներում հրավիրվել են հարցաքննության՝ քննչական կոմիտեում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց քույրերի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
Նա՝ անդրադառնալով կոմիտեի տարածած պաշտոնական տեղեկությանը անչափահաս երկու քույրերի դեպքի վերաբերյալ, զարմացավ՝ կոմիտեն անչափահաս երեխաների մասին նման բաց տեղեկություն է հայտնել. «Սա փակ, գաղտնիություն նախատեսող գործ է: Այդ հակասական տվյալներն էլ, որ հայտնել են, ամբողջական չեն ու այնպես չէ, ինչպես հայտնել են: Որոշակիորեն կա նմանատիպ իրավիճակ, բայց որ լիարժեք լինի, մենք ավելի ուշ կանդրադառնանք դրան»:
Պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց. «Դեռ անձանց չմեկուսացրած՝ հրապարակել են գործի տվյալներ, տեսեք՝ պոտենցիալ մեղադրյալն արդեն գիտի, թե որ երեխան է տվել հակասական ցուցմունք, որ երեխան է հրաժարվել փորձաքննությունից: Իսկ ինչո՞ւ իրենք ճիշտ մոտեցում չեն ցուցաբերել: Եթե իրենք գտնում են՝ երեխեքն ունեն առողջական խնդիր, հոգեբանի հետ շփումն ու հոգեբանի մասնակցությունը արդյո՞ք ապահովել են այդ երեխաներին: Ինչպես եղավ, որ ես ու մյուս պաշտպանը, որ հատուկ մասնագիտական գիտելիք չունեինք, մեզ մոտ էդ երեխեքը սկսեցին խոսել, իսկ իրենց հոգեբանի մոտ կաշկանդված են խոսում կամ չեն խոսում»:
Վարդուհի Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ քույրերի ընտանիքի բարերար ներկայացած տղամարդը իրականում սեռական ոտնձգության մեջ ներգրավվա՞ծ է, ի պատասխան ասաց. «Քանի դեռ այդ մասին որևէ ցուցմունք չկա, եկեք ես ոչինչ չասեմ: Մենք ի՞նչ ենք հիմա անում, մարդկանց փախցնո՞ւմ ենք: Քննչական կոմիտեն արդեն իսկ սխալ է թույլ տվել՝ այդ ամենը հրապարակայնացնելով: Թող ասեր՝ քննություն է ընթանում, կպարզենք, հետո հայտնեին՝ ձերբակալել են, հետո ազատ արձակել, ասեին՝ սուտ մատնությո՞ւն է, թե՞ ճիշտ է: Ի՞նչ է նշանակում այս տվյալները տրամադրելը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































