«Կանգնում, Ղարաբաղյան շարժումը սխալ են համարում, մի հատ էլ հայտարարում են՝ Արցախը ե՞րբ է մերը եղել։ Բա որ Արցախը մերը չէր, ա′յ տղա, գլուխդ տնկած Շուշիում ո՞ւր էիր տրնգի պարում, բա որ Արցախը մերը չէր, 5000 ավել տղերքին ինչի՞ տարար, փուռը տվեցիր, բա որ Արցախը մերը չէր, Արցախի նախագահի երդմնակալությանն ի՞նչ էիր անում, տղադ ի՞նչ էր անում Արցախում, ծառայում, բա որ Արցախը մերը չէր, Էրատո ջոկատներն ինչի՞ էիր ստեղծում, ինչի՞ էիր շաբաթը մեկ ուղղաթիռով գնում Արցախ, ո՞նց կարելի է այսպես բարոյականության հետ կապ չունենալ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա բնութագրեց՝ Նիկոլ Փաշինյանը Վազգեն սպարապետի հակապատկերն է․ «Կամ Վազգեն Սարգսյանն է մեր հերոսը, կամ Նիկոլը, թող հայ ժողովուրդն ընտրի․ իմ հերոսը Վազգենն է, որ ազատագրել է Արցախը, մեր հաղթանակների հավաքական կերպարն է։ Վազգեն Սարգսյանի մեծությունը ղարաբաղյան շարժման գաղափարներին նվիրված լինելն է, Արցախի հայկականության համար պայքարելը։ 1998-ի իշխանափոխության հիմքում ո՞րն էր, այն, որ Արցախը պետք է լինի հայկական։ Չնայած հիմա Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակին երանի կտային։ Նիկոլը մեր ամբողջ ժողովրդի 35 տարվա պատմության մեջ թքում է։ Ով Հայաստանի անկախությանը կողմ է, ում համար մայիս 9-ի, Եռաբլուրի խորհուրդը, մեր հերոսները արժեք ունեն, չպետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ավելի ազատ եմ խոսում, քանի որ ո′չ ես, ո′չ մեր կուսակցությունը չենք առաջադրվել։ Ոչ մեկ չի կարող ասել՝ նախընտրական բոնուսներ եք հավաքում։ Նիկոլի համար քվեարկելը նույն բանն է՝ ոնց քվեարկես Ալիևի և Էրդողանի խամաճիկների օգտին։ Ալիևին, որ ասեին՝ նկարագրի քո երազանքը, չէր կարող այսպես նկարագրել։ Դրանց երազանքն առավելագույնը 2-5 շրջանն էր, որ տրվեր։ Եթե հայ ժողովուրդն այսքանից հետո պետք է Նիկոլին ձայն տա, ուրեմն երեսպաշտ ենք։ Չի կարող մեր հերոսը և′ Վազգենը լինի, և′ գնանք, Նիկոլին ձայն տանք։ Չի կարող մեր հերոսը Մոնթե Մելքոնյանը լինի, գնանք, Նիկոլին ձայն տանք։ 2021-ին Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախում ապագա կա, կա՞ հիմա Արցախում ապագա։ Նիկոլը մեզնից գողացել է Եռատոնը, Երրորդ հանրապետության իմաստը, քաղաքական, արժեքային համակարգը, Երրորդ հանրապետության սրբության նպատակը։ Եթե ասֆալտ այդքան շատ եք սիրում, Էրդողանն ու Ալիևն ավելի լավ են ասֆալտ փռում, գնացեք, այնտեղ ապրեք»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են «պատմական մինիմումի վրա»․ «Այսօր ՀՀ ու ՌԴ իշխանությունները չունեն դաշնակցային բնույթ։ Եթե դա լիներ, մեկ օր առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանը չէր հրավիրվի ՌԴ ԱԳՆ։ Զելենսկին այստեղ ի՞նչ էր անում, ու՞ր էիք հրավիրել, քո դաշնակցի թշնամին է, դու իրեն հրավիրում ես ու ներկայացնում՝ որպես ինքնիշխանությո՞ւն։ Կարող ե՞ք ասել աշխարհում մի երկիր, որը Ռուսաստանի հետ թշնամացել է ու շահել դրանից։ Մի հատ Ուկրաինային նայեք։ Ինքնիշխանության անվան տակ Հայաստանը դարձնում են հակառուսաստան, դա անթույլատրելի է։ Նիկոլի ռեժիմը ՀՀ-ն դարձնում է երկրորդ Ուկրաինա։ Ռուսները մեր բարեկամ ժողովուրդն են, մեր պապերը միասին հաղթել են ֆաշիզմը։ Երբ ՌԴ-ն ու ՀՀ-ն եղել են դաշնակիցներ, ՀՀ բոլոր երեք իշխանությունների ժամանակ մենք ունեցել ենք երկու հայկական պետություն։ Մայիսի 28-ին բերելու է ամեն զենքից մի մուլյաժ։ Էդքան զենք ունեք, գնացեք, 200 քառակուսի կիլոմետրն ազատագրեք մեր պետությունից զավթված»։
Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































