Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ բա հողերը, բա որ հողերը պահող էիք, ինչի՞ տներ չէիք սարքում, ցորեն էիք ցանում․ պետք է ապրենք իրական Հայաստանում, իրական նպատակներով»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 08,2026 16:29 Share

«Շատ դժվար որոշում ենք կայացրել, որ մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, քանի որ նախորդ շրջանի վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ շրջանի Ղարաբաղի հետ կապված գործոններն օգտագործել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ Մեզ մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք տարածքներ չենք կորցրել։ Այն տարածքները, որոնք մեզ հավատացրել ենք, թե մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելությունը ու սեփականության իրավունքը թուլանա»,-Կոռնիձորում քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ արել․ «Դրանցից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը 1991-ից՝ ստեղծման առաջին օրվանից գտնվել է թակարդում, և ունեցել ենք համարձակություն առերեսվել այդ ճշմարտության հետ և մեր պետությունը այդ թակարդից հանել։ Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում ինքնորոշում ունենալու կարգավիճակն է եղել շատ կասկածելի․ «1996-ի Լիսաբոնի գագաթաժողովում արձանագրվել է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնակառավարման տրամաբանությունը։ Այո, ասել եմ, որ Արցախը Հայաստան է, քանի որ հավատարիմ եմ եղել այն գաղափարին, որը մեզ` բոլորիս 1988-ից ի վերջո բերել է այս օրվան։ Մենք գնացել ենք այդ ճանապարհով, հասկացել, որ այստեղ մի բան էն չի, մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։

Այնուհետև փորձեց կոռնիձորցիներին ապացուցել, որ մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք մենք վատ ապրում։ Ըստ նրա՝ դա սուտ է եղել, քանի որ իրենք իմացել են․ «Էն, որ ասում են՝ ազատագրված տարածքները, էդ ամբողջ տարածքները չի եղե՞լ չորս-հինգ գեներալի վերահսկողության ներքո, որտեղ ընդամենը ցորեն են ցանել, թալանել են, և մենք՝ որպես պետություն և ժողովուրդ դրա պատասխանն ենք տվել։ Այսօր, ինչ ասում ենք, ասում են՝ բա Արցախը, բա Ղարաբաղը։ 25 տարի էդ են ասել։ Մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք մենք վատ ապրում, դա սուտ է եղել, քանի որ իրենք իմացել են, բա էլի եմ ասում, եթե էդ հողերը պիտի պահեին, ինչի՞ էին ցորեն ցանում, թող տներ կառուցեին։ Իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու, և մենք առերեսվել ենք այդ հետևանքի հետ և կանգնել, ասել ենք՝ ժողովուրդ, սխալ ճանապարհով ենք գնում և այն պետք է փոխենք։ Եկել, հասել ենք խաղաղության այս կետին։ Ոչ մեկը Ղարաբաղի համար այնքան բան չի արել, ինչքան մենք ենք արել։ Ղարաբաղում թոշակ, աշխատավարձ ավելի բարձր է եղել, քան ՀՀ-ում, դա ապահովել է ՀՀ-ն․․․Մեծ-մեծ խոսող գեներալները ֆորսաժով փախչում էին, դուք հո գիտեք, էդ էլ Երևանի կաֆեներում նստած դաշնակները չեն, որ ոտները ոտներին քցած ասեն՝ էս ինչ եք խոսում։ Հիշեք՝ պատերազմից հետո պնդումները, թե զենք ու բենզին չկար, նման բան 44-օրյա պատերազմի ժամանակ մի դեպք գիտե՞ք, որ մեր զինվորը զենք չի ունեցել»։

Նիկոլ Փաշինյանը կոռնիձորցիներին հորդորեց խաղաղությանը տեր կանգնել․ ընտրություններ 20-26-ին ընտրում ենք 16-ին։ Հետո էլ վստահեցրեց․ «29743 կմ-ն դե յուրե արձանագրված է և դե ֆակտո էլ կարձանագրվի։ Փախստականների թեման ընդմիշտ փակում ենք, հակառակ դեպքում մենք չենք ասի՞ Բաքու ու Նախիջևան պետք է վերադառնան մերոնք։ Պետք է ապրենք իրական Հայաստանում, իրական կյանքով և իրական նպատակներ դնելով»։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Կոռնիձորում ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031