«Դատարանը որոշել է պատասխանող ՝Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) եւ այլ անձանց արգելել իրականացնել որեւէ գործողություն, որը կարող է որեւէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդ, լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ ֆինանսական հաշիվների տնօրինմանը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԵ ներկայացուցիչ,, փաստաբան Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին պաշտոնից ազատելով՝ դադարեցրել էր նաեւ նրա՝ որպես առաջնորդի լիազորությունները, այդ թվում՝ բանկային ոլորտում: Արման Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ տնօրինությունը ու խնդրել, որ որպես հայցի ապահովման միջոց ապահովվի, որ ինքը շարունակի պաշտոնավարել, իսկ դատարանը նման միջոցներ է ձեռնարկել:
«ՀՀ դատարանները չէին կարող այդպիսի վեճ քննել, որովհետեւ ե’ւ ՀՀ օրենսդրությունը, ե՛ւ միջազգային պայմանագրերը երաշխավորում են եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը, որով արգելվում է պետությանը եւ պետական մարմիններին միջամտել եկեղեցու ներքին գործերին»,- նկատեց փաստաբան Զոհրաբյանը՝ շեշտելով, որ դատարանը Սարոյանի վեճը քննել է որպես աշխատանքային վեճ:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով՝ դատարանը հայցի ապահովման միջոցի ապահովմամբ վատ վիճակ է ստեղծել ՀԱԵ համար. «Արման Սարոյանը, որը չի հանդիսանում հոգեւորական, որովհետեւ կարգալույծ է հռչակվել, այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում դատարանի որոշման եւ հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա: Ամենայն հայոց կաթողիկոսը, երբ նրան զրկել էր պաշտոնից, նաեւ դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում: Հարկադիր կատարողը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որ նա բանկում գործարք կատարի: Այսինքն՝ հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել, ու Արման Սարոյանն այսօր այդ բանկային հաշիվները կառավարում ու տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքը: Ապրիլի 1-ի դրությամբ՝ այդ հաշիվներից Սարոյանը դուրս է արդեն հանել ավելի քան 15 միլիոն դրամ ու այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ կարող է վատնել»:
Զոհրաբյանն ասաց, որ դատարանը մերժել է իրենց խնդրանքը հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































