Կայացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը (դատավոր՝ Գևորգ Մանուկյան):
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ նախորդ դատական նիստի և դատավճռի հետ կապված պարզաբանման հարց է ծագել, և կցանկանար իր դիրքորոշումը ներկայացնել դատարանին։ Նա դատարանին իր դիրքորոշումը ներկայացրեց գրավոր.
«Գևորգ Ներսիսյանի պաշտպանության շահից ելնելով՝ խնդրում եմ սույն գործով պատիժ նշանակելիս ընտրել օրենքով թույլատրված հնարավորինս ներմուծումը՝ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը գումարել միայն մասնակիորեն՝ վերջնական պատժի տևողությունը սահմանելով ոչ ավելի, քան երեք տարի մեկ ամիս, և վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով համաչափ փորձաշրջան: Պատժի հարցով այս դիրքորոշումը չի նշանակում մեղքի ընդունում կամ մեղադրական վերդիկտի իրավաչափության հետ համաձայնություն և չի սահմանափակում այն բողոքարկելու իրավունքը»,- նշեց փաստաբանը:
Նա հավելեց, որ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ նշանակվել է երեք տարվա ազատազրկում, որը 2003 թվականի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով երեք տարվա փորձաշրջան.
Կարդացեք նաև
«Սույն գործով վերագրվող արարքը կատարվել է 2025 թվականի նոյեմբերի 1-ին՝ այդ դատավճռի կայացումից հետո, սակայն մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը: Ուստի կիրառելի է քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասը՝ 75-րդ հոդվածի հետ համակցությամբ: Դատավճռի կայացումը և օրինական ուժի մեջ մտնելը տարանջատելու անհրաժեշտությունը հաստատվում է նաև Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հուլիսի 11-ի ԿԴ 012920 որոշման 15.1 և 17-րդ կետերով: Թեև որոշումը վերաբերում է նախկին քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածին, դրա մեկնաբանությունը վերաբերում է գործով 75-րդ հոդվածի համարժեք ձևակերպմանը: Այդ մոտեցմամբ դատվածության առկայության համար ելակետը նախորդ դատավճռի կայացումն է: Քրեական օրենսգրքի 54-93-րդ հոդվածների համադրմամբ՝ ռեցիդիվը բացակայում է. նոր արարքի պահին նախորդ դատավճիռն ուժի մեջ չէր մտել, ուստի դատվածություն չկար: Հետագա ուժի մեջ մտնելը հետադարձորեն ռեցիդիվ չի առաջացնում և չի հիմնավորում քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված ծանրացումը»:
Նա նաև հավելեց. «Մեղադրանքի նկարագրությամբ Համբարձում Ներսիսյանին ֆիզիկական բռնություն գործադրել կամ մարմնական վնասվածք պատճառել չի վերագրվում: Քարոզչական ավտոերթը կատարվել է, թեև մեղադրանքի համաձայն՝ նախապես պլանավորված հանդիպում չի կայացվել: Այս տվյալները, առանց վերդիկտի վերաբերյալ առարկություններից հրաժարվելու, խնդրում ենք գնահատել միջամտության փաստացի ծավալը և իրական հետևանքները որոշելիս: Ընտրական իրավունքի պաշտպանության կարևորությունը չի բացառում կոնկրետ արարքի անհատական քննարկման անհրաժեշտությունը: Խնդրում ենք հաշվի առնել իրականացման ազդեցությունը ընտանիքի վրա»:
Փաստաբանը միջնորդեց վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով համաչափ փորձաշրջան:
Դատարանը վճռեց Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ ազատազրկում նշանակել 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան: Գևորգ Ներսիսյանը չի կարող լքել ՀՀ տարածքը, իսկ բնակության վայրը փոխելիս պետք է հայտնի նոր հասցեն:
Համբարձում Ներսիսյանին ևս դատարանը մեղավոր ճանաչեց: Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ նույնպես սահմանվեց փորձաշրջան՝ մինչև խնամքի տակ գտնվող երեխայի 6 տարեկան դառնալը: Համբարձում Ներսիսյանը չի կարող լքել ՀՀ տարածքը:
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































