Ազգային ժողովը մայիսի 11-ին գումարած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նախագծով առաջարկվում է ուսումնական եւ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահել զինվորական կոմիսարիատներին՝ դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների համապատասխան իրավասությունը:
Հստակեցվում են նաեւ 27-ից 37 տարեկան հասակում կրճատ ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց արձակուրդի ժամկետները՝ մեկ տարի կամ վեց ամիս ծառայություն անցնողներին կտրամադրվի 10 օրացուցային օր արձակուրդ, իսկ մեկամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի նախատեսվում:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանվում է պայմանագրի դադարեցման նոր հիմք՝ մեկ տարվա ընթացքում հինգ կարգապահական տույժ ստանալու դեպքը: Փոփոխություններով հստակեցվում են նաեւ սպայական պաշտոնների նշանակման, պայմանագրային ծառայության ընդունման եւ ծառայությունից արձակման կարգավորումները:
Կարդացեք նաև
Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների պետական աջակցությամբ հիպոտեկային վարկավորման ծրագրում նախատեսվում է նոր հնարավորություն՝ հատկացվող գումարի եւ ձեռք բերվող բնակարանի արժեքի դրական տարբերության դեպքում գումարը կարող է ուղղվել բնակարանի վերանորոգմանը:
Փոխնախարարի խոսքով փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Պաշտպանության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում: Պաշտպանության նախարարի իրավասությանն են վերապահվելու զինված ուժերի եւ զորամասերի մարտական դրոշների, տարբերանշանների, ձեւերի եւ դրանց կրման կանոնների հաստատման հարցերը: Միաժամանակ հանվում է կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելք սահմանող դրույթը:
Առանձին կարգավորմամբ անդրադարձ է կատարվել 27-ից 37 տարեկան այն անձանց հարցին, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ չեն անցել զինվորական ծառայություն: Արման Սարգսյանը նշել է, որ գործող կարգավորումները խնդիրներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել ծառայությունն անցած լինելու վերաբերյալ փաստաթղթերը: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն վերացնել այդ խոչընդոտները եւ ապահովել գործընթացի հստակեցում:
Ըստ զեկուցողի՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում լավարկող եւ տեխնիկական բնույթ են կրում: Օրենքների փաթեթը նախապես քննարկվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում:
Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առավել խստացումներ են նախատեսվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ օրենսգրքի՝ 172.3-րդ եւ 183-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահել Ոստիկանությանը:
ԱԺ



















































