«Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը 2006 թվականից պատերազմի էր պատրաստվում, մենք ինչի՞ էինք պատրաստվում։ Դե հիմա պետք է պատասխան տանք, թե ինչո՞ւ մեր բյուջեն չենք բալանսավորել Ադրբեջանի բյուջեի հետ։ Թող ասեն՝ օբյեկտիվ պատճառներ եղե՞լ են, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ցուցադրելով գրաֆիկ, ըստ որի՝ 1994 թվականից սկսած Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում էր։
«Գրաչովն իրենց ասաց՝ հայերը կմտնեն Բաքու, դուք կզանգեք, ես հեռախոսը չեմ վերցնի»,- արցախյան առաջին պատերազմից հետո կնքված զինադադարից մանրամասներ պատմեց Վաղարշակ Հարությունյանը։
Իր գնահատմամբ՝ նաև 2022 թվականից հետո էլ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, Հայաստանինը՝ աճում է, բայց ոչ համաչափ։
Կարդացեք նաև
Ամփոփելով քարոզարշավի առաջին փուլը՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ հասարակությանն անհանգստացնող հիմնական հարցերը երկուսն են՝ անվտանգային և սոցիալական։
«Մեզ մոտ հստակություն չկա, պատասխան չկա՝ ինչո՞ւ ենք պարտվել»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ քարոզարշավի ժամանակ իրեն տարբեր հարցեր են ուղղվում, այդ թվում՝ նաև ասում են, որ զորքերին նահանջի հրահանգ է տրվել․ «Զորքերին նահանջի հրահանգ չի եղել»։
44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության պատճառներին մանրամասն խոստացավ անդրադառնալ նախընտրական քարոզարշավից հետո։ Համոզված է, որ պարտության պատճառները մարդիկ պետք է իմանան, մինչդեռ մասնագիտական մակարդակում վերլուծություններ չունենք։ Բայց ընդհանուր առմամբ նկատեց՝ նույն մոդելն ունեցել ենք 100 տարի առաջ, ու մարդիկ չգիտեն, թե ի՞նչ էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը, ովքե՞ր ստորագրեցին դրանք, ի՞նչ կորցրեցինք արդյունքում։ Կարծում է, որ այն ժամանակ էլ, այժմ էլ իրավիճակը օբյեկտիվ չի գնահատվել, սպառնալիքներն անտեսվել են և համարժեք որոշումներ չեն ընդունվել, պետության մակարդակում սխալներ են թույլ տրվել, ու դրանք զինվորների մակարդակում վերածվել են աղետի։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ՊՆ-ի կողմից չի հերքվել տեղեկությունը, որ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, հուշագիր է ստորագրվել, որով զորքերը հետ են քաշվել։
Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի ստորագրմանը՝ ներկայացնելով իր մասնակցությունն այդ գործընթացին, դրա նշանակությունն ու հետևությունները։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































