Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իրավական պետության և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքների պահպանման տեսանկյունից։
Մեղադրանքի հիմքում դրվել է ընտրողների ազատ կամքի վրա ենթադրյալ ազդեցություն գործադրելու և բարեգործության արգելքի հնարավոր խախտման վարկածը։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ նախընտրական քարոզչության բուն էությունը քաղաքացիների հետ հանդիպելն է, քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելը, նրանց վստահությունը շահելը և ընտրություններին տվյալ քաղաքական ուժին աջակցելու կոչ անելը։
Քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ընտրողներին իրենց օգտին քվեարկելու համոզելը ինքնին չի կարող դիտարկվել որպես ընտրողների ազատ կամքի խոչընդոտում, եթե բացակայում են հարկադրանքի, սպառնալիքի, կախվածության կամ ապօրինի ներգործության տարրեր։ Հակառակ մեկնաբանությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի պայմաններում ցանկացած ակտիվ քարոզչություն կարող է քրեաիրավական գնահատականի առարկա դառնալ։
Ընտրական գործընթացների նկատմամբ պետական միջամտությունը պետք է լինի բացառապես համաչափ, իրավաչափ և հիմնված հստակ ապացույցների վրա։ Հակառակ դեպքում նման գործողությունները կարող են ընկալվել ոչ թե որպես իրավապահ գործունեություն, այլ որպես քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու միջոց։
Կարդացեք նաև
Ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը պետք է տեղի ունենա ընտրատեղամասերում և հանրային բանավեճում, այլ ոչ թե ուժային մեթոդների կիրառման պայմաններում։


















































